ԱԺ ԳԲ հանձնաժողովի հերթական նիստում. խնդրի քննարկումը հետաձգվեծ 1 տարով


ԱԺ ԳԲ հանձնաժողովի հերթական նիստում. խնդրի քննարկումը հետաձգվեծ 1 տարով

Ապրիլի 25-ի կեսօրին տեղի ունեցավ Ազգային Ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի պատգամավորները, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, հանձնաժողովի փորձագետները, օգնականները և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ պատգամավոր Լյովա Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված` Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասինՙՙ ՀՀ օրենքի նախագիծը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ հեղինակը և ներկայացրեց այն մտահոգությունները, որոնք ստիպել են իրեն գնահատել ընդհանուր իրավիճակն ու հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է պահպանել 1984թ. Պաշարների Պետական Հանձնաժողովի կողմից հաստատված Արարատյան արտեզյան ավազանում(ԱԱԱ) ստորջրյա ջրային ռեսուրսների հետագա շահագործման ռեժիմ 1094.3 մլն խորանարդ մետր/տարի միջին տարեկան ջրառն ու սահմանել դրա տարեկան միջինը ըստ տարածաշրջանների, ինչպես նաև սահմանել ԱԱԱ ինքնաշատրվանող գոտում ձկնաբուծության նպատակով օգտագործվող միջին տարեկան ջրառը, գործող ձկնային տնտեսություններում մինչև 2015 թ. ներդնել ջրախնայող փակ և կիսափակ համակարգեր, լուծարել գոյություն ունեցող վթարային, տիրազուրկ և հակասանիտարական վիճակում գտնվող թվով 348 հորատանցքերը և կտրականապես արգելել նորերի հորատումը: Պատգամավորի կարծիքով, եթե մենք հնարավորինս արագ և օպերատիվ չարձագանքենք ստեղծված իրավիճակին, չկանխարգելենք ԱԱԱ ստորգետնյա ջրերի անխնա և բարբարոս շահագործումը, ապա հետևանքները կլինեն աղետալի և իրենց երկար սպասեցնել չեն տա:
Հարակից զեկուցմամբ հանդես եկավ բնապահպանության փոխնախարարը և փաստեց, որ մտահոգություններն իրոք տեղին են, հիմնավորված, և այս հարցը գտնվում է նաև նախարարության օրակարգում: 2013թ. սեպտեմբերի 6-ին Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների լուծման նպատակով ՀՀ Նախագահի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականներից ելնելով՝ մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն են արժանացել մի շարք իրավական ակտերի նախագծեր, ընդունվել են կառավարության որոշումներ: Ելնելով այս ամենից, Սիմոն Պապյանը Լյովա Խաչատրյանին առաջարկեց համագործակցել և ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացնել մեկ միասնական փաթեթ, որում կներառվեն ինչպես նախագծի հեղինակի, այնպես էլ խնդրով մտահոգ մյուս պատգամավորների առաջարկները: Նա նշեց նաև, որ շուտով մեկնարկելու են դաշտային մասնագիտական ուսումնասիրությունները տեղերում, ինչը հնարավորություն կտա ստույգ տեղեկատվության վրա հիմնվելով ավելի արդյունավետ լուծումներ գտնել նշված խնդիրների համար:
Հանձնաժողովի կողմից հարակից զեկույցով հանդես եկավ Վահագն Մախսուդյանը և մասնավորապես նշեց, որ այս հարցի հետ անմիջականորեն շաղկապվում է նաև Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակի թեկուզև ժամանակավոր, բայց ավելացումը, որը հիմնավորվում է հենց Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրությամբ, ինչին հանգեցրել են և պատկան մարմինների ոչ պատշաճ վերահսկողությունը ոլորտում, և տնտեսվարողների անբարեխիղճ ու անտնտեսվար գործունեությունը տեղերում:
Ամփոփելով նիստը, հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը մեկ անգամ ևս նշեց, որ բարձրացված խնդիրը շատ կարևոր է, հարկավոր է գտնել այնպիսի լուծումներ, որոնք կլինեն առավելագույնս արդյունավետ և առաջարկեց նախագծի հեղինակին համագործակցել կառավարության հետ, բայց միևնույն ժամանակ հարկավոր է հանդիպել նաև ձկնարտադրողների հետ, ներկայացնել նրանց ստեղծված իրավիճակը, իրազեկել, լսել նաև նրանց առաջարկները: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը առաջիկայում կկազմակերպի այս հարցերին վերաբերող խորհրդարանական լսումներ, հանդիպումներ կկազմակերպի տեղերում և հետո միայն կարվեն առաջարկներ, որոնք կներառվեն օրենքների նախագծերի միասնական փաթեթում: Ելնելով այս ամենից, Մարտուն Գրիգորյանը առաջարկեց նախագծի նստաշրջանի օրակարգ ընդգրկվելու ժամկետը հետաձգել մինչև մեկ տարի: Հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ հաստատեց այս որոշումը:


Դիտումներ` 2975
Ամսաթիվ` 25-04-2014, 18:42
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ԽՈՐՀՈւՐԴ ԿՏԱՅԻ, ՈՐ ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ԳԼԽԻ ՃԱՐԸ ՏԵՍՆԵՐ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՀԵՏ ԲԻԶՆԵ ...

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈւՄ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՇՐՋԱՊԱՏ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ

ՔՆՆԱՐԿՈւՄՆԵՐ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՑ ԱՌԱՋ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում