«Համամիտ չենք կտրական դիրքորոշումներին».Մարտուն Գրիգորյան (Տեսանյութ)


Այսօր ԱԺ լիագումար նիստում պատգամավոր Մարտուն Գրիգորյանը իր եւ ԳԲ հանձնաժողովի բարգավաճական պատգամավորների անունից ներկայացրեց իրենց քվեարկության՝ ձեռնպահ մնալու հիմքերը: Ներկայացնում ենք Մարտուն Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ.
«Խնդրո առարկա օրինագիծը՝ Սեւանից ջրառի քանակությունը 70 մլն խմ-ով ավելացնելու մասին, բուռն քննարկումների առարկա է եղել մեր հանձնաժողովի անդամների եւ բնապահպանների հանդիպման ժամանակ, որին հաջորդել են հանրային լսումները շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Անցած քառօրյային նախորդող օրերին խնդիրը քննարկվեց հանձնաժողովի նիստում եւ դրական եզրակացությամբ մտցվեց ԱԺ: Նիստի օրն արդեն հայտնի էր հանձնաժողովի բարգավաճական անդամների դիրքորոշումը, մենք ձեռնպահ ենք քվեարկել, որովհետեւ կառավարությունը մեզ կանգնեցրել է իսկապես շատ դժվարին ընտրության առջեւ: Քվեարկելով հօգուտ կառավարության ներկայացրած նախագծի, մենք, մեր գնահատմամբ, առնվազն շտապողականություն հանդես կբերենք, քանզի չունենք երաշխիքներ Սեւանի էկոհամակարգի անխաթար վիճակի եւ զարգացման հեռանկարների առումով: Մերժելով կառավարության ներկայացրած նախագիծը, մենք միանգամից ոչ ենք ասում Արմավիրի եւ Արարատի մարզերի 29 գյուղերի հողօգտագործողներին, որոնց 8000 հա հողերը կարող են վերածվել բացարձակ անապատային գոտու: Մենք համամիտ չենք թե կառավարության, թե բնապահպանական որոշ կազմակերպությունների կտրական դիրքորոշմանը, մենք համաիտ չենք այն պնդումներին, թե 70 մլն խմ ջուրը էական ազդեցություն ունենալ չի կարող, որովհետեւ այդ պնդման համար կառավարության կողմից չեն բերվել բավարար հիմնավորումներ, համաիտ չենք նաեւ այն բնապահպանների դիրքորոշմանը, ովքեր բոլորովին չեն ուզում տեսնել խնդրում առկա շատ կարեւոր տնտեսական բաղադրիչը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ մեր հանձնաժողովական գործընկերները հատկապես դեմ են անհեռանկարայնությանը, մերկապարանոց պնդումներին: Մենք չենք կարող անտեսել այն կարեւոր հանգամանքը, որ կառավարությունը որեւէ քայլ չի ձեռնարկում այսօրինակ իրավիճակից մեզ զերծ պահելու համար:
Ես բոլոր առիթներն օգտագործել եմ հարցնելու համար, թե ինչու է կառավարությունը սահմանում հնգամյա ժամկետ, արդյո՞ք դա առաջիկա 5 տարիների համար եւս որեւէ լուրջ ձեռնարկում չիրականացնելու նախապայման եւ արդարացում չէ: Կամ ինչու է այսչափ դանդաղում ջրամբարաշինությունը եւ վերջին հաշվով ի՞նչն է պատճառը, որ Արփա-Սեւան ջրատարը այս էլ 10-ից ավելի տարիներ նորոգվում ու նորոգվում է՝ ձգտելով դարի շինարարության տիտղոսին:
Կառավարությունը հավաստիացնում է, որ արդեն իսկ ունենք ջրի մակարդակի 5սմ-ի աճ, բայց հաշվարկներն ասում են, որ կառավարության ակնկալած ջրառը այդ 5սմ էլ կզրոյացնի, եւս 15 սմ էլ:
Դարձյալ ուզում եմ կրկնել իմ կողմից բազմիցս տրված հարցը. ինչո՞ւ հանձնաժողովին, ապա եւ հանրային լսումների մասնակիցներին ու խորհրդարանին չեն ներկայացվում կոնկրետ հաշվարկներ սպասվող օգուտների եւ վնասների մասին, ինչո՞ւ է, ըստ կառավարության ներկայացրած օրինագծի, հանվել ջրառը միայն դրական հաշվեկշռի պարագայում իրականացնելու հրամայականը: Հակառակ պարագայում մեզանից շատերը դրականորեն կտրամադրվեին կառավարության ձեռնարկի նկատմամբ:
Հարգելի գործընկերներ, կարծում եմ, կարողացա ներկայացնել այն հիմնավորումները, որոնք ինձ եւ հանձնաժողովի բարգավաճական պատգամավորներին օբյեկտիվորեն ստիպում են քվեարկել ձեռնպահ:
Վերջում թույլ տվեք արձագանքել մեր գործընկեր Հակոբ Հակոբյանի ելույթին: Մենք ամբողջովին կիսում ենք նրա մտահոգությունը ջրամբարաշինության վերաբերյալ եւ հարցնում. Եթե ջրամբարաշինությունը ելք է այսօրինակ իրավիճակներից զերծ մնալու համար, ինչո՞ւ այս էլ քանի տարի ասում-ասում ու ոչինչ չենք անում այդ ուղղությամբ՝ աչքերս Սեւանից չկտրելով:
Ի դեպ, մեր հարեւան Թուրքիան նույնպես ունի այդ խնդիրը եւ իր ողջ ներուժով լծվել է այդ գործին, իսկ մենք շարունակում ենք պոպուլիստական ելույթներով ինքներս մեզ խաբել»:

Դիտել "«Համամիտ չենք կտրական դիրքորոշումներին».Մարտուն Գրիգորյան" տեսանյութը (1):


«Համամիտ չենք կտրական դիրքորոշումներին».Մարտուն Գրիգորյան

Դիտումներ` 3323
Ամսաթիվ` 28-04-2014, 16:30
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԲՀԿ-ն ՀԱՆՁՆՈւՄ Է ԳՅՈւՄՐԻՆ. ԲՀԿ-ական ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎՍ ԿՆՏՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍ ...

ԵԹԵ ԳԱԳԻԿ ԾԱՌՈւԿՅԱՆԸ ՈՐՈՇԻ, ՈՐ ՊԵՏՔ Է ԳՆԱ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ, ՈւՐԵՄՆ ԿԻՍՈւՄ Է  ...

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈւՄ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՎԱՆ» ՕՐԱԹԵՐԹԻՆ

Ո՞Ր ԽԱՌՆԱԿԻՉՆ Է ՍԵՊ ԽՐՈՒՄ ԿՈՒՍԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում