«Ո՞վ է մեկ ձմեռ ապրել մետաղյա տնակում, իսկ 20, 27 ձմե՞ռ». Մարտուն Գրիգորյան (Տեսանյութ)


Հայաստանում օբյեկտիվորեն ստեղծվել է իրավիճակ ընդդեմ արտագաղթի: Ի՞նչ են անելու հայաստանյան պաշտոնյաները հօգուտ երկրից չհեռանալու որոշման: Այս խնդիրներն է իր ելույթում արծարծել պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ԱԺ հայտարարությունների ժամին, որում մասնավորապես ասվում է. «Արտագաղթելու հակված հայաստանցիները վերջին շրջանում դժվարին երկընտրանքի առջև են կանգնել. Ռուսաստանում վաստակած ռուբլին Հայաստանում մեծ խնդիր չի լուծում, միգրացիոն աննախադեպ հոսքերը ավելի ու ավելի են հեռացնում Եվրոպայում մերոնց ապաստանելու հեռանկարը: Օբյեկտիվորեն ստեղծվել է իրավիճակ հօգուտ չարտագաղթելու:
Շատ դժվար է գնահատել ստեղծված կացությունը, լա՞վ է, որ չեն գնում, թե՞ վատ: Իհարկե, լավ է, որ հայ ընտանիքները չեն քայքայվում: Վատ է, սակայն, որ մնացողը չգիտե իր անելիքը: Իսկ հնարավո՞ր է շտկել իրերի դրությունը հօգուտ չարտագաղթելու որոշման, պատրա՞ստ է հայաստանցի պաշտոնյան նոր իրավիճակին:
Իհարկե, գնահատելի է, որ ազգովի արձագանքեցինք սահմանային գյուղերի ռմբակոծություններին, ձգտում էինք օր առաջ հասնել տեղ, օգնել, հուսադրել: Բայց որքանո՞վ է ընդունելի, որ, օրինակ, ընդամենը 800 բնակիչ ունեցող Ոսկեպարի՝ մշտական նշանառության տակ գտնվող համայնքին արտահերթության կարգով չենք հատուցում խնայբանկի ավանդները, վստահ, որ մարդկանց ձեռքին փող չկա: Էլ ո՞ւմ, եթե ոչ սահմանապահ գյուղերին:
Լավ է, որ որոշել ենք աղետի գոտում մեկընդմիշտ լուծել անօթևանության խնդիրը: Բայց հանդուրժելի՞ է, որ ԲԳՎ ծրագրի այս տարվա երկրորդ փուլին սպասող 224 ընտանիքները հայտնվել են անորոշության մեջ, չգիտեն որքան են սպասելու: Թե՞, ի վերջո, հերթապահ պատասխանն են ստանալու. փող չկա: Ուզում եմ հարցնել. ո՞վ է մեկ ձմեռ ապրել մետաղյա տնակում, իսկ 20, 27 ձմե՞ռ:
Ինչո՞ւ տևական ժամանակ չէր լուծվում Գյումրու Մուշ թաղամասի բնակարանների սեփականաշնորհման խնդիրը: Լրջորեն անհանգստացանք, անհանգստացրեցինք, ու սայլը տեղից շարժվեց: Ինչպե՞ս, հրաշքո՞վ: Ամենևին ոչ, ընդամենը բարի կամքով, իրերի դրությունը ճիշտ ներկայացնելով:
Նույն կերպ հասանք երկրի նախագահի դրական արձագանքին Գյումրիում փողոցաշինությունը նախաձեռնելիս: Ի վերջո, մեզ հաջողվեց հիմնավորել քարապատման առավելությունները, և այսօր ծրագիրը նախագահի միջամտության շնորհիվ ընթացքի մեջ է, Մադոյան փողոցի բնակիչները շուտով կազատվեն ցեխից, փոշուց, խայտառակ տեսարաններից:
Գյումրեցիք միշտ գնահատել ու շնորհակալ են եղել իրենց կողքը կանգնողին, իրենց հոգսը կիսողին և, բնականաբար, նկատելու անգամ չեն տվել իրենց անտեսողներին:
Կամ ինչո՞ւ ենք այսքան տարի գերի մնացել կառավարության 432 որոշմանը: Իհարկե, լավ է, որ ծայրահեղ խնայողությամբ կարողացել ենք ավարտին մոտեցնել 88-ին կորցրած բնակարանների հատուցման ծրագիրը: Բայց մարդկայնորեն ընդունելի՞ է, որ, օրինակ, Ներսիսյան ընտանիքի մի մասը 2007-ին ԲԳՎ է ստացել, մյուս մասին սպասել են տվել մինչև 2014թ.՝ պահելով շահառուների ցուցակում, ապա մերժել: Այսպես՝ տասնյակ ընտանիքների:
Կարծում եմ, շատ դեպքերում մեզ սրտացավությունն է պակասում, այլոց հոգսը կիսելու կամքն ու կարողությունը, թե չէ անհնարին ոչինչ չկա: Շնորհակալություն»:

Դիտել "«Ո՞վ է մեկ ձմեռ ապրել մետաղյա տնակում, իսկ 20, 27 ձմե՞ռ». Մարտուն Գրիգորյան" տեսանյութը (1):



Դիտումներ` 2438
Ամսաթիվ` 7-10-2015, 12:18
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Գյումրու մի շարք խնդիրներ հրատապ լուծման կարիք ունեն

«Համամիտ չենք կտրական դիրքորոշումներին».Մարտուն Գրիգորյան

ԲՀԿ-ն ՀԱՆՁՆՈւՄ Է ԳՅՈւՄՐԻՆ. ԲՀԿ-ական ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎՍ ԿՆՏՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍ ...

ԵԹԵ ԳԱԳԻԿ ԾԱՌՈւԿՅԱՆԸ ՈՐՈՇԻ, ՈՐ ՊԵՏՔ Է ԳՆԱ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ, ՈւՐԵՄՆ ԿԻՍՈւՄ Է  ...

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է՝ ՆԵՂԱՑԱԾ ՉԷ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում