Գյումրու մի շարք խնդիրներ հրատապ լուծման կարիք ունեն (Տեսանյութ)


Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը անդրադարձել է Գյումրիի պատմական միջուկը կազմող վթարային շենքերի վիճակի, դրանց տեսքը խաթարող տանիքների, կամրջաձեւ անցումների, պատշգամբների խնդիրներին եւ հայցել նորանշանակ կառավարության ուշադրությունը: Հայտարարության մեջ մասնավորաբար ասվում է. «Հարգելի գործընկերներ, վերջերս տեղեկացա, որ պետական բյուջեից կատարվել է 80 մլն. դրամի նպատակային հատկացում Գյումրիի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման համար: Այդ գումարը, ըստ մասնագիտական հաշվարկների, կբավականացնի 7-8 շենքի եւ կհոգա այսօրվա առկա կարիքի 10 %-ը:
Գյումրիում այսօր շատ են կենցաղային հոգսերը, իսկ հոգսերի հոգսը, ըստ մեր դիտարկումների, հնացող, ամենօրյա խնամքի կարոտ վթարային բնակելի ֆոնդն է, որը կազմում է քաղաքի միջուկը: Տարբեր հաշվարկներով 80-ից ավելի վթարային շենքերը, որոնց վթարայնության աստիճանը տարիների հետ արհեստականորեն նվազեցվում է, ամենայն հավանականությամբ, առկա հոգսը իր ողջ ծավալով չներկայացնելու, կոպիտ ասած, թաքցնելու համար, խնդիրների մի ամբողջ կծիկ են ներկայացնում: Այդ կծիկը քանդելու գինը շատ թանկ է, համենայն դեպս, դուրս համայնքի բյուջեի հնարավորություններից:
Վթարային շենքերի ամրացումներ Գյումրիում շատ են իրականացվել, սակայն այս էլ քանի տարի անհետաձգելի այդ գործը, ինչպես շատ ու շատ այլ կարեւոր գործեր, պարզապես չեն արվում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Չեն արվում շենքերի վթարայնության հետ ուղղակիորեն առնչվող այլ գործեր, որոնք էլ ավելի են բարդացնում խնդիրը: Այսօր նորոգման են սպասում 100-ից ավելի բազմաբնակարան շենքերի տանիքներ, որոնց մի զգալի մասը կառուցվել է անցյալ դարի 20-30-ական թթ.: Լրացել են ամորտիզացիոն բոլոր ժամկետները, համատիրությունները գումարներ չունեն դրանք հիմնանորոգելու համար: Առավել ծանր է վիճակը Տիգրան Մեծի պողոտայի, Խաղաղության օղակի, Կազաչի պոստ թաղամասի շենքերում :
Այդ նույն, վերը թվարկված շենքերում են արդեն իրենց դարն ապրած վթարային կամարաձեւ անցումները: Վերջինների նորոգումը պարզունակ շինարարական աշխատանք չէ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Գորկու 67, Սայաթ-Նովա 7, Տիգրան Մեծի 8 շենքերի անցումներին, որոնք իրենցից ճարտարապետական արժեք են ներկայացնում:Ճարտարապետական փոքր ձեւեր են նաեւ այն 80-100 պատշգամբները, որոնց խարխլված, վթարային վիճակը աղճատում է կենտրոնի շենքերի տեսքը:
Քաղաքի մեծ կենտրոնում այլեւս անհանդուրժելի են 1988-ի հետեւանքները: Խնդիրը շատ չքչփորելով, ընդամենը 2 օրինակ կբերեմ. Տեքստիլագործների հանրակացարանի շենքը և «Շիրակ» հյուրանոցի ավերակները, որոնց առկայությունը նաեւ հոգեբանական խնդիր է ստեղծում թե քաղաքի բնակիչների և թե հյուրերի համար:
Եվ, ինչպես եւ սպասվում էր, մեծ աղետի այդ տխրապատկեր վկաներից հրաժարվելու համար պահանջվում են գումարներ, որոնք համայնքը չունի:
Հուսանք, որ նորանշանակ կառավարության մոտ ապագայի ծրագրերում կներառվեն Գյումրիի պատմաճարտարապետական միջավայրի այն հրատապ խնդիրները, որոնց լուծումը հնարավոր չէ տալ համայնքի միջոցներով»:

Դիտել "Գյումրու մի շարք խնդիրներ հրատապ լուծման կարիք ունեն" տեսանյութը (1):



Դիտումներ` 3408
Ամսաթիվ` 21-05-2014, 14:50
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՇԱՀԱՌՈւՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԳՅՈւՄՐԻԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ՝ ԱՆԱՆՑԱՆԵԼԻ

ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲՀԿ-Ի ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱՄՈ ԳՅՈՒՂԸ ԳԱԶԱՖԻԿԱՑՎԵՑ

ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ՀՈԳՍԵՐԸ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում