«Վատ է, Գյումրիում ամեն բան վատ է». Մարտուն Գրիգորյան (Տեսանյութ)


Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը խոսել է Գյումրու բազմաթիվ խնդիրներից: Ներկայացնում ենք պատգամավորի հայտարարությունն ամբողջությամբ. « Հարգելի գործընկերներ, բոլորիս է հայտնի, թե ինչ է կատարվում Գյումրիում: Ես անձամբ բոլոր առիթներն օգտագործել եմ Գյումրիում կուտակված խնդիրների շուրջ խոսելու համար, փորձել թե այս ամբիոնից, թե այլ միջոցներով արթնացնել իրենց աթոռներին քնած որոշ իշխանավորների ու բարձրաձայն ասել. վատ է, Գյումրիում ամեն բան վատ է:
Ես կողմնակից եմ բարեկարգ ու բարեկեցիկ մայրաքաղաք ունենալուն, բայց արդյոք մեր խիղճը չի տանջում, երբ Երևանում բազմիցս հիմնանորոգման են ենթարկվում երկրորդական փողոցներ ու բակեր, որոնք գյումրեցին կերազեր, իսկ Գյումրիում երեխաները դպրոց ու մանկապարտեզ են հասնում մինչև ծնկները ցելոֆանե տոպրակներ հագած և այն փողոցներով, որոնցով մեքենաները չեն կարող անցնել:
Ուրախալի է, որ Երևանի գրեթե բոլոր բակերն ունեն խաղահրապարակներ, որոնք պարբերաբար թարմացվում են:
Վատ է, շատ վատ է, որ երկրի երկրորդ քաղաքում երեխաներն այդ մասին չեն էլ երազում: Լավ է, որ Երևանում կամարային անցումները նորոգված են ու նկարազարդված: Վատ է, շատ վատ է, որ Գյումրիում այդ նույն անցումներով ելումուտ անողները պիտի զրահապատ գլխարկներ դնեն:
Լավ է, որ Երևանում հեղեղատար համակարգը գործում է: Շատ վատ է, որ Գյումրիում պարբերաբար հեղեղվում են տնակային ավանները հեղեղատար համակարգի բացակայության պատճառով, իսկ նույն նպատակին ծառայող քյարիզները պարբերաբար փլվում են:
Լավ է, որ Երևանի շենքերի պատշգամբները հիացմունք են պատճառում և անվտանգ են: Շատ վատ է, երբ երկրաշարժ տեսած Գյումրու կենտրոնական հատվածում մի ամբողջ ընտանիք գահավիժում է փլվող պատշգամբից՝ ընտանիքի անդամի մահվան ելքով:
Արդյո՞ք ավելորդ ճոխություն ենք համարում, որ գյումրեցին ունենա լուսավոր երկրորդական փողոցներ: Իսկ 80-ից ավելի վթարային շենքերին չեմ էլ անդրադառնում:
Հարգելի գործընկերներ, իշխանավորներից շատերն են դժգոհում, որ գյումրեցիներն անհանդուրժող են, ծանր են տանում, որ գյումրեցիներն առաջինը դժգոհեցին վրացական պետհամարանիշների առիթով, շրջանառության հարկի փոփոխություններից, տաքսիների գործունեության նոր պահանջներից, մի ամբողջ ընտանիք սպանած ոճրագործին հայ իրավապահներին չհանձնելուց:
Ասեմ, որ չեն սխալվում, որ ծանր են տանում, սակայն դրան պետք է հաջորդի անհանգստանալը, քանի որ գյումրեցիները ցույց են տվել, որ իրենց դժգոհության հետևանքները կարող են անկանխատեսելի լինել:
Հարգելի գործընկերներ, ժամանակն է, որ բոլորս միասին դեմքով շուռ գանք դեպի Գյումրին և գյումրեցին, ունենանք Գյումրու վերականգնման համալիր ծրագիր և ժամանակացույց, բոլոր ոլորտներից ու ծրագրերից կրճատումներ անենք և այդ գումարներն ուղղենք դեպի երկրի երկրորդ քաղաք Գյումրի: Միայն այս տարբերակով, այսպիսի վերաբերմունքով է հնարավոր խաղաղեցնել գյումրեցուն, նրան վերադարձնել երբեմնի հպարտ, աղուհացով, հյուրասեր, խաղաղասեր և հանդուրժող լենինականցու նկարագիրը: Թե չէ՝ Գյումրին դատարկվում է, և այսպես շարունակելու պարագայում արվեստների ու արհեստների, մշակույթի ու սպորտի մայրաքաղաք Գյումրու փոխարեն կունենանք մի լքված բնակավայր:
Հարգելի գործընկերներ, ժամանակն է, որ մեզ նեղություն տալով, մի փոքր էլ աշխատենք հանուն Գյումրու և գյումրեցիների:
Շնորհակալություն»

Դիտել "«Վատ է, Գյումրիում ամեն բան վատ է». Մարտուն Գրիգորյան" տեսանյութը (1):



Դիտումներ` 4682
Ամսաթիվ` 25-03-2015, 17:30
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Բողոքող գյումրեցի առեւտրականներին հանդիպել է ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյ ...

Գյումրու մի շարք խնդիրներ հրատապ լուծման կարիք ունեն

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՉ-ՀՈՐԴՈՐԸ ԳՅՈւՄՐՈւ ՆԱԽԿԻՆ և ՆԵՐԿԱՅԻՍ ՔԱՂ ...

ԳՅՈՒՄՐՈՒ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀՆԵՐՆ ԻՄ ԹԻԿՈՒՆՔԻՆ ԵՆ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում