Արցախյան հերոսամարտում զոհվածների ընտանիքների խնդիրը ԱԺ-ում (Տեսանյութ)


ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն այսօր խորհրդարանի հայտարարությունների ժամին խոսեց արցախյան հերոսամարտում զոհվածների և անհետ կորածների ընտանիքների խնդիրներից, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է . «Հարգելի գործընկերներ, այն, որ սոցիալական իրավիճակը երկրում բարդագույններից է, հայտնի է բոլորիս, բայց արդարությունը պահանջում է խոցելի խմբերի խնդիրներին վերաբերվել ըստ բարոյական պատասխանատվության աստիճանի:
Մոտենում է ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցը, որին զոհ գնացածների ընտանիքներին մեն առավելագույն ուշադրության արժանացրեցինք՝ պետության, անհատների, համայն Սփյուռքի մակարդակով, ամեն ինչ արվեց բոլորի աչքի առաջ: Բայց չէ՞, որ նույնչափ ուշադրության են արժանի նաև նախկինում արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքները: Մենք պարտավոր ենք հավասարաչափ ուշադրության արժանացնել բոլոր տարիներին զոհվածների ընտանիքներին, այլապես մոռացումը սպառնում է բոլորին, այդ թվում, ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին:
Օրերս ինձ հետ հանդիպելու ցանկություն էին հայտնել գյումրեցի զոհված և անհետ կորած ազատամարտիկների մայրեր և այրիներ, որոնք մեկ մարդու նման խոսում էին ապրելու, ընտանիքներին խնամելու նվազագույն միջոցներից զրկված, անտեսված լինելու մասին: Խնդիրները բարդացել ու գրեթե անլուծելի են դարձել ցրտաշունչ ձմռան, էլեկտրաէներգիայի և գազի ծախսերը վճարել չկարողանալու պատճառով: Այդ ընտանիքները ժամանակին օգտվել են կոմունալ վճարները 50% զեղչով կատարելու արտոնություններից: Կառավարության որոշմամբ արտոնությունները վերացվել են` փոխարինվելով չնչին դրամական փոխհատուցումներով:
Այս պարագայում ինչ խորհուրդ կարելի է տալ չաշխատող, 30 աստիճան ցրտին Գյումրիում, Շիրակի մարզում կամ որևէ այլ համայնքում բնակվող ընտանիքներին:

 

  Վատատեսությունն իմը չէ, բայց ստիպված եմ ասել, որ հայրենիքի շատ պաշտպանների ընտանիքներ պաշտպանված չեն ու դա գիտեն բոլորը, ովքեր իրենց ընտանիքներում մեծացնում ու դաստիարակում են հայրենիքի ապագա պաշտպաններին:

 

 Հարգելի պարոն վարչապետ, Ձեր անձի և գործի նկատմամբ այսօր կա վստահություն, հատկապես, երբ հրապարակավ խոսում եք Գյումրու խնդիրները լուծելու պատրաստակամության մասին: Կարծում եմ, որ տնտեսության առողջացման բազում ձեռնարկումներին զուգահեռ գործնական քայլեր կարվեն զոհված և անհետ կորած ազատամարտիկների ընտանիքների համար սոցիալական որոշակի երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ:

 

 

  Հարգարժան պաշտպանության նախարար, ժողովրդի լեզվով ասած 1000 դրամների մասին օրենքի ընդունումով ծանրակշիռ քայլ է արվել հետայսու հայրենիքի զինվորների ընտանիքներին որոշակիորեն պաշտպանված տեսնելու ուղղությամբ:
Ես հասկանում եմ, որ երկրի ֆինանսական դրությունը թույլ չի տալիս միանգամից անդրադառնալ բոլոր խնդիրներին, բայց խնդրում եմ մտածել նաև այն ընտանիքների մասին, որոնք գոյատևելու նվազագույն հնարավորություն չունեն: Մարդկանց խնդրանքն է, որ եթե հնարավոր է, վերանայվի զեղչերի համակարգը, որպեսզի իրենք էլ կարողանան ապրել փոքրիշատե մարդավայել կյանքով:
Շնորհակալություն»:

Դիտել "Արցախյան հերոսամարտում զոհվածների ընտանիքների խնդիրը ԱԺ-ում" տեսանյութը (1):



Դիտումներ` 1659
Ամսաթիվ` 7-02-2017, 18:46
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Հուսով եմ, քեն չեք քշի գյումրեցիների հետ ու չեք մոռանա ձեր տված խոստումների ...

«Ո՞վ է մեկ ձմեռ ապրել մետաղյա տնակում, իսկ 20, 27 ձմե՞ռ». Մարտուն Գրիգորյան

«Վատ է, Գյումրիում ամեն բան վատ է». Մարտուն Գրիգորյան

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ուղերձը կանանց միջազգային օրվա առթիվ

ՄԱՆԿՈՒՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում