ԳՅՈՒՄՐՈՒ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀՆԵՐՆ ԻՄ ԹԻԿՈՒՆՔԻՆ ԵՆ


ԳՅՈՒՄՐՈՒ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀՆԵՐՆ ԻՄ ԹԻԿՈՒՆՔԻՆ ԵՆ

«ՀՐԱՊԱՐԱԿ» ՕՐԱԹԵՐԹ

Գյումրիում դեռ քարոզարշավը չսկսած՝ մեկնարկել է նախընտրական տուրուդմփոցը ՀՀԿ ու ԲՀԿ թեկնածուների միջեւ: Ուրբաթ օրն արդեն կրակոցներով ուղեկցվող ռազբորկայով, այսպես ասած, բացումն արեցին թեկնածուների թիմակից «հեղինակությունները»: Սակայն ԲՀԿ-ական պատգամավոր, ինչպես նաեւ թեկնածու Մարտուն Գրիգորյանը մեզ հետ զրույցում հերքել էր, թե ինքը կապ ունի այդ միջադեպի հետ, ինչի մասին արդեն գրել ենք «Հրապարակի» շաբաթ օրվա համարում: ԲՀԿ-ական պատգամավորի հետ զրուցել ենք նաեւ Գյումրիի նախընտրական շիկացած կրքերի մասին:

- Պարոն Գրիգորյան, Ձեր մրցակիցը ՀՀԿ-ական թեկնածու Արման Սահակյանն է, ում սատարում է իշխանությունը: Նման մրցակից ունենալն արդյո՞ք վկայում է Ձեր քաղաքական նահանջի մասին, եթե հաշվի առնենք, որ նա ՀՀԿ անդամ է եւ նախագահի փեսայի ընկերը:

- Ես էդ հարցի պատասխանն ավելի շատ կտամ մայիսի 6-ին: Ու կտեսնենք իշխանությունների՝ նրան սատարել-չսատարելն իմ նահա՞նջն է լինելու, թե՞ հաղթանակը: Ժամանակից շուտ էդ մասին չխոսենք, թողենք օրը կգա, ժողովուրդն իր ընտրությունը կանի, իշխանությունը չէ այդ ընտրությունն անելու: Ժողովրդի ցանկությունը կլինի, որ ես շարունակեմ առաջիկա հինգ տարիների ընթացքում աշխատեմ՝ որպես Գյումրի քաղաքում պատգամավոր, խնդիր չկա, ես պատրաստ եմ աշխատելու հանուն մեր քաղաքի, հանուն ժողովրդի, իսկ եթե ոչ՝ խնդիր չկա:

- Իսկ Ձեր մրցակցի ով լինելը Ձեզ մտահոգում կամ վախեցնո՞ւմ է:

- Ես ընդհանրապես շուտ վախեցող չեմ, նմանատիպ բաները մեզ համար անցած բաներ են՝ վախենալ կամ վախի զգացողություն: Եվ հետո, ընտրությունը պայքար է, մտնում ես պայքարի մեջ, իսկ ամեն ինչ պայմանավորված է ժողովրդով, ոչ մեկով պայմանավորված չի: Մենք Գյումրի քաղաքից ենք, ժողովուրդը մեզ ճանաչում է, հարգում է, ընդունում է: Ու թասիբի խնդիր կա, ժողովուրդը թող ինքը որոշի: Ամեն ինչի մասին ես քարոզարշավի ժամանակ կասեմ՝ բաց տեքստով, հիմա չեմ ուզում շատ փակագծեր բացեմ:

- Արման Սահակյանը մեզ հետ զրույցում ասում էր, որ պետք է փրկել Գյումրին, որ հանրապետության երկրորդ քաղաքը գլորվում է անդունդը: Դուք այս տարիների ընթացքում որեւէ բան չե՞ք արել, ինչո՞ւ է Ձեր մրցակիցը նման կարծիքի:

- Ուրեմն, տվյալ թեկնածուն նախ պետք է ճշտի, թե ով է Գյումրին տարել դեպի անդունդ, ումով է պայմանավորված Գյումրու անդունդ տանելը, էդ հարցը ճշտելուց հետո նոր կփորձենք էդ հարցին լուծում տալ:

- Իսկ, ըստ Ձեզ, ո՞վ է անդունդ տանողը, միգուցե Գյումրիի քաղաքապե՞տը:

- Ես չեմ կարող ասել, չգիտեմ՝ քաղաքապետն է տանում, թե ով, բայց էս պահի դրությամբ եթե Ձեր ասած մարդը գտնում է, որ Գյումրին գնում է անդունդ, նախ, առաջին հերթին, պետք է մեկնաբանի:

- Դե, նա խուսափեց անուններ տալուց:

- Որովհետեւ, երբ որ ինքը մեկնաբաներ, իրեն կարող է պատժեին էդ մեկնաբանությունների համար:

- Այսինքն, Դուք է՞լ եք պատժից վախենում, որ անուն չեք տալիս, թե ով է անդունդ տանում:

- Կգա ժամանակը՝ քարոզարշավին ես ամեն ինչ հավասարակշռված կասեմ: Իսկ ինքը, երբ որ նմանատիպ բան է ասել, ինքը պետք է մեկնաբաներ:

- Կարե՞լի է ասել, որ ուժեղ մրցակից ունեք՝ հաշվի առնելով, որ իշխանության պաշտպանյալն է:

- Դե, էդքանով… «չակերտավոր ուժեղ»:

- Դե Դուք էլ էնքանով եք ուժեղ, որ Գյումրիի «գողական աշխարհն» է Ձեր թիկունքին կանգնած:

- Ասել եմ ու կասեմ՝ ուրեմն Գյումրու բոլոր աշխարհներն իմ թիկունքին են: Էդ աշխարհների մեջ մտնում է ժողովուրդը, իմ կարգախոսին հավատարիմ եմ մնացել: Իմ թիկունքին ժողովուրդն է, որի մեջ մտնում է ամեն աշխարհ:

- Բայց ինչի՞ են ասում, որ միայն քրեական հեղինակություններն են:

- Դե երեւի, որ ավելի հետաքրքիր դառնա ժուռնալիստների համար:

- Ձեր կարծիքով, գյումրեցիներն ինչպե՞ս են վերաբերվում մյուս թեկնածուին:

- Ո՞նց ասեմ էդ հարցի պատասխանը: Իմ կարծիքով՝ էդ հարցի պատասխանը ես չպիտի տամ, որովհետեւ կարող է մարդիկ մտածեն, որ, բնական է՝ հակառակորդներն էդպես պիտի պատասխանեն: Բայց գյումրեցիները կուշտ են դրսից բերած դրածոներից:


Դիտումներ` 3142
Ամսաթիվ` 19-01-2014, 02:25
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԽՈՒԶԱՐԿԵԼ ԲՀԿ-ական ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՏՈՒՆԸ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎՍՏԱՀ Է ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՀԻՆԳՇԱԲԹԻ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՇՐՋԱՊԱՏ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ

ԱՍՈՒԼԻՍ ԳՅՈՒՄՐՈՒ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՍՊԱՐԵԶ ԱԿՈՒՄԲՈՒՄ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում