«ՍԼԱՔՆԵՐԸ ԲՀԿ-Ի ԴԵՄ ՈՒՂՂԵԼԸ ԿԱՏԱՐՅԱԼ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ Է»


«ՍԼԱՔՆԵՐԸ ԲՀԿ-Ի ԴԵՄ ՈՒՂՂԵԼԸ ԿԱՏԱՐՅԱԼ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ Է»

Մարտուն Գրիգորյանի հարցազրույցը «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթին

Մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` Վարդան Ղուկասյանին հակադարձելով. «Մի կողմից «լավ տղա են» խաղում, մյուս կողմից բացահայտ անպատասխանատու հայտարարություններ են անում»։

Օրեր առաջ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրից Սեւ Ղուլ տանող ամրոցի ճանապարհին դաժանաբար սպանել էին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջնեկ դստեր` Աննայի փեսացուին` 27-ամյա Կարեն Եսայանին։

Սպանությունից ժամեր անց տարբեր շրջանակների կողմից տարատեսակ վարկածներ շրջանառության մեջ դրվեցին այն մասին, որ մի դեպքում սպանությունը խանդի հողի վրա է եղել, իսկ մյուս դեպքում` սպանությունը քաղաքական ենթատեքստ է ունեցել, որի թելերը, ըստ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, գնում-հասնում են ԲՀԿ։ Ավելին` Գյումրիի քաղաքապետը հայտարարել էր, թե այդ սպանության մեջ կասկածվող անձը` Հարություն Սարգսյանը, քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանի հետ, եւ որ այդ գործով ձերբակալված բոլոր կասկածյալները ԲՀԿ-ականներ են։ Երեկ «ՉԻ» հետ զրույցում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վերահաստատեց իր կողմից արված այդ հայտարարությունը` եւս մեկ անգամ նշելով, որ ինքը իր բոլոր ասածների համար պատասխանատու է, եւ որ լավ կլինի մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը ստանանք նաեւ ԲՀԿ պատասխանատուներից։ Մեջբերենք Վարդան Ղուկասյանի հետ մեր զրույցից փոքրիկ դրվագ։

- Ես նորից եմ կրկնում, որ այդ սպանությունը քաղաքական է, եւ ոչ մի խանդի հարց չկա։ Նորից հաստատում եմ, որ այդ ամենը եղել է քաղաքական հարթության մեջ։ Ես զարմանում եմ, թե այդ հանցագործը` տղան, ի՞նչ կապ կարող էր ունենալ իմ դստեր հետ, երբ որ իրար ոչ ճանաչել են, ոչ սիրել են, ոչ էլ շփվել են։ Ի՞նչ խանդ, եթե էդ հանցանք կատարողը գիտեր, թե ինչ բան է խանդը, թող գնար իր քրոջն ու մորը խանդեր ու նրանց պատիվը պահեր։ Դու արի Գյումրի, տես նրա մորից քեզ ինչեր կպատմեն։ Դա հնարովի բան է, չհավատաք, մուտիլովկա է։

- Այսինքն, ո՞ւմ կողմից է այդ «մուտիլովկան» արվում։

- Որ լավ մտածեք` կիմանաք։

Այսքանը։ ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանն էլ իր հերթին հակադարձեց Գյումրիի քաղաքապետի կողմից արվող հայտարարություններին։

- Այդ սպանությունը քաղաքականացնելն ու սլաքները ԲՀԿ-ի դեմ ուղղելը կատարյալ խեղկատակություն է եւ ինչ-որ մեկի վառ երեւակայության արդյունքն է։ Նման բան չկա եւ չի էլ կարող լինել։ Մեր մտքով նման ստորություն չէր կարող անցնել։ Ինչ մնում է քաղաքապետի ասածներին, ապա ես համամիտ եմ իմ գործընկեր Նաիրա Զոհրաբյանի հետ, որ ձեր ասած քաղաքապետը երեւակայության լուրջ ավելցուկ ունի։

- Բոլոր դեպքերում, ի՞նչ հիմքերով է Գյումրիի քաղաքապետը հանդես գալիս նման հայտարարությամբ։ Ի վերջո, հայտարարություն անողը պատահական մարդ չէ։ Ի վերջո, նա քաղաքապետ է եւ հայտարարություններ է անում ընտրապայքարի թեժ փուլում։

- Շատ ճիշտ եք` թեժ ժամանակահատվածում. ես ապշում եմ, որ նման դժբախտ դեպքը ո՞նց են մարդիկ փորձում օգտագործել` ի շահ քաղաքականության ու դրա շահերի։ Դա իրոք ցավալի ողբերգություն է, եւ կարիք չկա այն բերել կապել քաղաքականության հետ։ Հասկանալի է, թե ինչով է պայմանավորված այս ամեն ինչը, իսկ եթե այդ քաղաքապետը այդքան լավ գիտի ու համոզված է, որ նման դեպք կա, օրեր շարունակ ԶԼՄ-ներին ցուցմունք ու հայտարարություններ տալու փոխարեն, լավ կլիներ այդ ամենը գրավոր ներկայացներ ոստիկանությանը։ Պետք չէ «լավ տղայի» անվան տակ նման հայտարարություններ անել։ Մի կողմից «լավ տղա են» խաղում, մյուս կողմից բացահայտ անպատասխանատու հայտարարություններ են անում։ Այս ամենը իմ անձի հետ կապելը դիտավորություն է, գիտակցված ինձ կապում են կրիմինալ դեպքերի հետ, որպեսզի իրենց ունեցած կամ չունեցած թեկնածուին ներկայացնեն որպես ինտելեկտուալ։ Գյումրեցիները ինձ շատ լավ ճանաչում են, եւ նրանք այս ձեռագրին 2008-ին էլ էին ծանոթ, թե ինչպես ոստիկաններով, շառով-շանտաժով ընտրություններ անցկացվեցին, եւ ժողովուրդն էլ շատ լավ տեսավ, թե ով ով է։ Այս անգամ էլ ժողովուրդը գիտի, թե ով ով է։ Իսկ ինչ մնում է քաղաքապետին, ապա մենք նրա հետ թշնամիներ չենք, մեր հարաբերությունները շատ նորմալ են։

- Ձեր եւ քաղաքապետի հարաբերությունները նորմա՞լ են։ Այդ դեպքում ինչո՞ւ եք քարեր նետում միմյանց ուղղությամբ։

- Բոլորն էլ գիտեն, որ 2003-ին մեր ընկերության եւ բարեկամության շնորհիվ է նա դարձել քաղաքապետ։ Մենք ենք իրեն դարձրել քաղաքապետ։ Ցավոք սրտի, գյումրեցոնց այս դժբախտության մեջ մենք էլ մեր լուման ունենք, որ 2003-ին նրան քաղաքապետ դարձրեցինք։ 2007-ին` ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ինքը խոստացել էր, որ մեր կողքն է կանգնելու, սակայն, իր սովորության համաձայն, նա մեզ խաբեց ու «քցեց»։ Մեր մեջ որեւէ թշնամանք չի եղել, ես ձեզ ասացի այն, ինչ որ

եղել է իրականում։ Այսօր նա հեռուստատեսությամբ մարդկանց վրա բացահայտ ցուցմունքներ է տալիս, թե իրեն ինչպես են խփել, բայց ես գիտեմ` ինքը երբ ում հետ հարաբերությունները վատացնում է, էդ ամեն ինչը ուղղում է այդ մեկի ուղղությամբ` ասելով, որ իրեն «սետկա» սարքեցին։ Երբ նրա ջրերը մեկի առվով չեն գնում, նա սլաքը ուղղում է այդ թիմի վրա։ Ասեմ նաեւ, որ 2007-ին, երբ այդ դեպքերը տեղի ունեցան, մենք մեր ամբողջ թիմով, շրջապատով կանգնած ենք եղել նրա կողքին, ողջ գիշեր մենք հիվանդանոցում ենք եղել, մինչ կվերջանար նրա վիրահատությունը։ Ուղղակի ապշում եմ, ոնց են պահի շահից ելնելով` նման «մուտիլովկաներ» անում։ Եթե ինքը բացահայտ հայտարարում է, որ ինքը մեր թշնամին է, ապա մենք պատրաստ ենք դրան։


Դիտումներ` 2968
Ամսաթիվ` 19-01-2014, 02:34
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԲՀԿ-ն ՀԱՆՁՆՈւՄ Է ԳՅՈւՄՐԻՆ. ԲՀԿ-ական ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎՍ ԿՆՏՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍ ...

ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՉԻ ՍԱՏԱՐԻ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԻՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՌԵԼ ԱՇՈՏ ԳԻԶԻՐՅԱՆԻՆ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՎԱՆ» ՕՐԱԹԵՐԹԻՆ

ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում