«ԵՍ ՀՀԿ ԴԱԲՐՈՅՈՎ ՉԵՄ ԸՆՏՐՎՈՒՄ»


«ԵՍ ՀՀԿ ԴԱԲՐՈՅՈՎ ՉԵՄ ԸՆՏՐՎՈՒՄ»

«1in.am»
ՀՀԿ-ականների ակտիվ աջակցությամբ, շնորհավորանքներով ու ձեռքսեղմումներով երեկ ԲՀԿ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը 75 կողմ, 4 դեմ ձայներով ընտրվեց ԱԺ գյուղատնտեսության ու բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ` այդ պաշտոնում փոխարինելով Գյումրիի քաղաքապետ դարձած, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանին: Քվեարկությունից հետո «Առաջին լրատվական» -ը զրուցեց Մարտուն Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, Հանրապետականն այսօր Ձեզ սատարեց` կողմ քվեարկելով Ձեր թեկնածությանը հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Հնարավո՞ր է առաջիկայում էլ այս օրինակով Գագիկ Ծառուկյանը հայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին:

- Չէ՛, սա ընդհանուր հարցերի մեջ փոքր հարց է: Հանձնաժողովի տեղը մերն է, բնականաբար մեր թեկնածուն է առաջադրվել: Սա ինչ-որ պայմանավորվածությունների կամ համաձայնության հարց չէ: Այս ընտրության հետ նման բաներ պայմանավորելը ճիշտ չէ: Ինչ վերաբերում է ընդհանուր հարցին` մի քիչ էլ համբերեք, էդ հարցի պատասխանը կստանաք:

- Այս պաշտոնը Ձեզ տրվեց քաղաքական որոշմամբ: Գյումրիում ԲՀԿ-ի հաղթանակը Դուք էիք ապահովել, սակայն քաղաքապետի թեկնածության նախապատվությունը տրվեց Սամվել Բալասանյանին: Հիմա սա Ձեզ որպես փոխհատուցում է տրվում: Բավարարվա՞ծ եք դրանով:

- Փոխհատուցելու խնդիր չկա: Ես դեռ երիտասարդ եմ, կհասցնեմ էն խնդիրները, էն նպատակները, ծրագրերը, ցանկությունները, որ կան իմ առջև դրված, հասնել դրանց, իսկ ինչ մնում է էս պաշտոնին` ես շնորհակալ եմ կուսակցությանը, որ իմ թեկնածությունն առաջադրել է: Բացարձակ փոխհատուցման խնդիր չկա: Ես Գյումրիում հսկայական աշխատանք եմ կատարել կուսակցական հարության վրա, շատ ճիշտ, գրագետ, մարդկային նորմալ աշխատանքներ եմ կատարել: Երևի նաև էդ աշխատանքներով պայմանավորված հավատալով իմ ուժերին` կուսակցությունն առաջադրել է իմ թեկնածությունը:

- Ասել է թե` կարծում եք, դեռ կգա՞ Գյումրիի քաղաքապետ դառնալու Ձեր ժամանակը:

- Ոչ մի բան պետք չէ բացառել: Իսկ ինչ մնում է Գյումրու քաղաքապետի այս ընտրություններին` պարոն Ծառուկյանի հետ ընդհանուր հայտարարի ենք եկել: Քննարկման արդյունքում որոշում է կայացվել, որ այս անգամ ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու: Բալասանյան Սամվելը մեր կուսակից ընկերն է, խնդիր չկա: Ինքը` որպես քաղաքապետ, ընտրվել է, աշխատանքները նորմալ կազմակերպվում է, ուսումնասիրության փուլում է: Ես` որպես հանձնաժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու ԲՀԿ ներկայացուցիչ քաղաքապետին:

- Հայտնի է, որ Դուք Հանրապետականին ընդդիմանալով` ԲՀԿ համար ձայներ ապահովեցիք Գյումրիում, որևէ կերպ չի՞ վնասում Ձեր հեղինակությանը, երբ Դուք ինքնուրույն ԲՀԿ համար հաղթանակ ապահովեցիք, հիմա ՀՀԿ «դաբրոյով» դառնում եք հանձնաժողովի նախագահ:

- Չէ՛, բացարձակ նման խնդիր չկա: Ես Հանրապետականի «դաբրոյով» չեմ ընտրվում: Ես ԲՀԿ «դաբրոյով» եմ դառնում հանձնաժողովի նախագահ: Էստեղ մենակ Հանրապետական կուսակցությունը չի քվեարկում: Դոնթի բանաձևով այս տեղը ԲՀԿ-ինն է, մյուս հանձնաժողովի նախագահներն էլ ՀՀԿ-ականներ են եղել, և մենք կողմ ենք քվեարկել ՀՀԿ-ականներին, և նույն սկզբունքով էլ իրենք են քվեարկություն անում: Ոչ մի պարտավորվածության խնդիր չկա, ոչ մի հակամարտության խնդիր չկա: Ընտրություն է եղել, պայքար է եղել, ես կանգնել եմ իմ կուսակցության կողքին և ինչքան հնարավորություն ունեցել եմ` աջակցել եմ, որ իմ կուսակցությունը իմ ընտրատարածքում բարձր ձայներ ապահովի:

- Դուք այսօր ընտրվեցիք գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի նախագահ, մինչդեռ գյուղատնտեսությունից բավական հեռու եք, ի՞նչ եք անելու այդ հանձնաժողովում:

- Իմ կարծիքով` էդտեղ ոչ մի խնդիր չի լինելու: Ես էս ընթացքում աշխատելու եմ, ուսումնասիրելու եմ բոլոր խնդիրները հանձնաժողովի անդամների հետ, հանձնաժողովի կազմն ուսումնասիրել եմ, բոլորը նորմալ մարդիկ են, տեղակալի հետ նորմալ հարաբերությունների մեջ ենք: Էդ խնդիրները, որոնք նեղ մասնագիտական խնդիրներ են, ես շատ կարճ ժամանակահատվածում էդ ամեն ինչը կուսումնասիրեմ, կպատկերացնենք էդ խնդիրները, բնականաբար որպես հանձնաժողովի նախագահ` այցեր եմ կազմակերպելու մարզեր, գյուղական համայնքներ, տեղում խնդիրներն ուսումնասիրելու եմ: Եթե լինելու են խնդիրներ, ըստ այդմ քննարկելու եմ խնդիրները: Համագործակցելու եմ Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարությունների հետ: Բնականաբար, ինֆորմացիան արդեն կունենանք, պատկերացումը կունենանք ու շատ արագ կկազմակերպենք խնդիրների լուծումը:

- Ասել է թե` պատրաստվում եք գյուղատնտե՞ս դառնալ:

- Դե, սա քաղաքական պաշտոն է, վստահվել է ինձ: ԲՀԿ-ն ներկայացրել է իմ թեկնածությունը: Ես կարծում եմ, որ խնդիր չեմ ունենալու:


Դիտումներ` 3068
Ամսաթիվ` 19-01-2014, 02:56
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԲՀԿ-ն ՀԱՆՁՆՈւՄ Է ԳՅՈւՄՐԻՆ. ԲՀԿ-ական ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎՍ ԿՆՏՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍ ...

ԵԹԵ ԳԱԳԻԿ ԾԱՌՈւԿՅԱՆԸ ՈՐՈՇԻ, ՈՐ ՊԵՏՔ Է ԳՆԱ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ, ՈւՐԵՄՆ ԿԻՍՈւՄ Է  ...

ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՉԻ ՍԱՏԱՐԻ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է՝ ՆԵՂԱՑԱԾ ՉԷ

ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում