ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՉԻ ՍԱՏԱՐԻ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՉԻ ՍԱՏԱՐԻ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Չնայած Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը և ԲՀԿ Գյումրիի կառույցը որոշում են կայացրել պաշտպանել թիվ 35 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ թեկնածու, «Սովրանո» ընկերության նախագահ Արման Սահակյանի թեկնածությունը, գյումրեցի մեկ այլ ԲՀԿ-ական` Գյումրիի մյուս` թիվ 34 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Մարտուն Գրիգորյանը չի պաշտպանի Արման Սահակյանին: Հայտնի է, որ մի քանի ամիս առաջ Արման Սահակյանն առաջադրվել էր Մարտուն Գրիգորյանի հետ նույն ընտրատարածքում, սակայն պարտվեց, ու պատգամավոր ընտրվեց Մարտուն Գրիգորյանը: Հիշեցնենք, որ նույն ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Մուրադ Գրիգորյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն իրեն է սատարելու: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:

- Գյումրիի ԲՀԿ կառույցը Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում որոշել է սատարել ՀՀԿ-ական Արման Սահակյանի թեկնածությունը: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արման Սահակյանի դեմ համառ պայքարում Դուք հաղթեցիք նրան: Հիմա ստացվում է` ստիպված սատարելո՞ւ եք Արման Սահակյանին:

- Որոշումը կայացվել է ոչ թե ԲՀԿ կողմից, այլ 35-րդ ընտրատարածքի խորհրդի կողմից, որի նախագահն է Սամվել Բալասանյանը:

- Այսինքն` Դուք, որպես Գյումրիի թիվ 34 ընտրատարածքի խորհրդի ղեկավար, չե՞ք սատարելու Սահակյանին, այն դեպքում, երբ Գյումրիում ձեր քաղաքապետը սատարում է նրան:

- Էդտեղ թյուրիմացություն կա: Գյումրին տարածքային գրասենյակ չունի, ընտրատեղամասերով են մեր գրասենյակները: Հայտարարությունը վերաբերում է Գյումրու թիվ 35 ընտրատարածքին, իսկ այդ ընտրատարածքի պատասխանատուն Բալասանյան Սամվելն է: Իմ ընտրատարածքը թիվ 34 ընտրատարածքն է, որը 35-ի հետ կապ չունի:

- Իսկ որպես ՀՀԿ-ական Արման Սահակյանի դեմ համառ պայքար մղած ԲՀԿ-ական` ինչպե՞ս եք գնահատում Սամվել Բալասանյանի որոշումը:

- Դե, իմ պայքարի վերաբերյալ խոսելն ավելորդ է, իսկ ինչ մնում է Բալասանյան Սամվելի որոշմանը, ես էդտեղ ինչ-որ խնդիր չեմ տեսնում: Ինքը որոշել է սատարել: Նաև չմոռանանք, որ քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն սատարեց Սամվել Բալասանյանի թեկնածությունը:

- Կարելի է ասել` սա Սամվել Բալասանյանի շնորհակալությո՞ւնն է ՀՀԿ-ին:

- Այդ հարցը երևի ուղղեք Սամվել Բալասանյանին: Ինքն ավելի հստակ կպատասխանի:

- Իսկ չե՞ք կարծում, որ նման որոշումը ստվերում է ԲՀԿ-ի` անկախ ուժ լինելու գաղափարը, քանի որ փաստացի ՀՀԿ թեկնածուին է սատարում ԲՀԿ փոխնախագահը:

- Դե, ԲՀԿ-ն այդ ընտրատարածքում թեկնածուներ չունի, որ սատարի: Իսկ այդ ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուի վերաբերյալ կարող եմ ասել, որ իր շանսերը շատ քիչ են, չանցնող է, նաև դրանով է պայմանավորված:

- Ձեր ասած մյուս թեկնածուն` ՀԱԿ-ի ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանը, հայտարարել էր, որ ԲՀԿ-ն իրեն է սատարելու: Հնարավո՞ր է` Դուք էլ անկախ որոշում կայացնեք Գյումրիի Ձեր ընտրատարածքում ու սատարեք ՀԱԿ թեկնածուին:

- Ես հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը: Նման բան չկա, մենք Սամվել Բալասանյանի հետ խնդիրներ չունենք, որ ինքը մի բան անի, ես հակառակը: Ինչ մնում է Մուրադ Գրիգորյանին սատարելուն, նման բան չկա, ես Մուրադ Գրիգորյանին սատարելու ցանկություն չունեմ, քանի որ Մուրադ Գրիգորյանի շանսերը գնահատում եմ շատ ցածր: Մուրադ Գրիգորյանը խորհրդարանական ընտրություններում պայքարել է թիվ 34 ընտրատարածքում ինձ հետ: Երբ ինքն իր թեկնածությունն առաջադրեց Գյումրի թիվ 34 ընտրատարածքում, իմ գնահատմամբ և շատ գյումրեցիների գնահատմամբ, ինքը ճիշտ չարեց էդ ժամանակ: Իսկ էդ ժամանակ արդյունքները լրիվ տեսանելի էին. Արման Սահակյանը հավաքել էր 14 հազար ձայն, Մուրադ Գրիգորյանը` 1400: Էդտեղից էլ արդեն տեսանելի է ընտրությունների արդյունքը:

- Այսինքն` քանի որ ՀԱԿ թեկնածուն Ձեր դեմ առաջադրվել էր, դրա՞ համար չեք ուզում իրեն պաշտպանել:

- Այդ ժամանակ իմ` Մարտուն Գրիգորյանի դեմ առաջադրվել էր Մուրադ Գրիգորյանը: Առաջին համարը Մարտուն Գրիգորյանն էր, երկրորդ համարը` Մուրադ Գրիգորյանը: Հետևությունները թողնում եմ ձեզ:

- Եթե ՀԱԿ-ն այլ թեկնածու առաջադրեր, չառաջադրվեր Մուրադ Գրիգորյանը, Դուք կպաշտպանեի՞ք նրան:

- Թեկնածուի անունը պետք է իմանայի, որ կարողանայի կողմնորոշվել: Ուրիշ թեկնածուի պարագայում չեմ կարող ասել` ինչ կարող էր լինել:

- Դուք ասացիք, որ Բալասանյանի դեմ չեք գնա: Ստացվում է` պիտի սատարեք Արման Սահակյանին…:

- Բալասանյանը հայտարարել է, որ սատարելու է Արման Սահակյանին: Եթե ինչ-որ տեղ խնդիրներ կունենա, մենք իրար հետ որպես կուսակցական ընկերներ կքննարկենք: Ես կոնկրետ Արման Սահակյանին սատարելու կամ Մուրադ Գրիգորյանին... ես Գյումրու 35-րդ ընտրատարածքի հետ կապ չունեմ: Ես էդտեղ շահագրգռություն չունեմ, որ կոնկրետ մտնեմ էդ պայքարի մեջ ու փորձեմ ինչ-որ բան անել: Էդ ընտրատարածքն իմ ընտրատարածքը չի, ինձ չի հետաքրքրում:


Դիտումներ` 3341
Ամսաթիվ` 19-01-2014, 03:11
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

«ԵՍ ՀՀԿ ԴԱԲՐՈՅՈՎ ՉԵՄ ԸՆՏՐՎՈՒՄ»

ԵՍ ԵՎ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՉԵՆՔ. ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԳՅՈՒՄՐՈՒ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀՆԵՐՆ ԻՄ ԹԻԿՈՒՆՔԻՆ ԵՆ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎՍՏԱՀ Է ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում