ԽՈՐՀՈւՐԴ ԿՏԱՅԻ, ՈՐ ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ԳԼԽԻ ՃԱՐԸ ՏԵՍՆԵՐ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՀԵՏ ԲԻԶՆԵՍԻ ՄԵՋ ՉՄՏՆԵՐ


ԽՈՐՀՈւՐԴ ԿՏԱՅԻ, ՈՐ ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ԳԼԽԻ ՃԱՐԸ ՏԵՍՆԵՐ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՀԵՏ ԲԻԶՆԵՍԻ ՄԵՋ ՉՄՏՆԵՐ

«Շրջապատ» շաբաթաթերթ

Հարցազրույց Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, վերջերս հայտարարություն էիք տարածել, որում դեմ էիք արտահայտվել ՙՍերմերի մասին օրենքում՚ փոփոխություններ կատարելու կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, մասնավորապես, նշելով. ՙ... խնդիրը բազմաշերտ է, ունի լուրջ վերլուծությունների կարիք, շտապողականությունն այս խնդրում հիմնավորված չէ...՚:
- Նախագծին մեր հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն, որի արդյունքում մտել է քառօրյա նստաշրջան: Դառնալով հանձնաժողովի նախագահ՝ ուսումնասիրել եմ օրակարգում եղած խնդիրները, նաև տեղեկացել եմ, որ պատգամավորներից շատերը համաձայն չեն եղել, բայց մեծամասնության քվեարկության արդյունքում, հավանության է արժանացել: Բացի այդ, մեզ բազմաթիվ դիմում-բողոքներ են հղել և, դրանից ելնելով, ևս մեկ անգամ լուրջ ուսումնասիրություն ենք անցկացրել՝ հանգելով այն եզրակացության, որ փոփոխությունները չեն խոսում ի նպաստ մեր ժողովրդի: Մեր հիմնական խնդիրն այն է, որ փոփոխությունները միտված են օրենքում պարտադիր գործող՝ սերմացուի երկամյա փորձարկման փուլը հանել և շուկան ազատականացնել, այսինքն՝ ով, երբ, ինչ տեսակի սերմացու ուզենա՝ կներմուծի Հայաստան և կամավոր փորձարկմամբ կամ առանց դրա՝ կվաճառի հողօգտագործողին, առանց որակի իրական երաշխիք տալու: Իսկ կամավոր փորձարկման սկզբունքը մեծ հաշվով բան չի փոխի, որովհետև, եթե ներմուծողը դրսից բերել է վատ սերմացու, ապա նա ցանկություն չի ունենա այն փորձարկելու: Կառավարության մեկնաբանությամբ, շուկան ազատականացնելով, ազատ ներմուծելու հնարավորություն կստեղծվի և գործարարների համար բիզնեսի խրախուսում կլինի: Սակայն հացահատիկի սերմացուն մեզ համար ռազմավարական նշանակություն ունի և շատ պատգամավորների գնահատմամբ, մենք իրավունք չունենք թույլ տալու, որ ով, ինչ տեսակի սերմացու ուզենա՝ ներկրի: Մանավանդ, անասնակերի սերմացուն գենետիկ շեղում ունի, թեև ունի բարձր ծլունակություն և բերքատվություն ու դրանով կարելի է գյուղացուն շահագրգռել, բայց կարող է վատ անդրադառնալ բնակչության առողջությանը: Մեր ազգաբնակչության առողջության և սպասվող այլ խնդիրներից խուսափելու համար, պիտի կարողանանք այդ նախագծի դեմն առնել:
- Այսինքն՝ ներկրվող սերմացուի անորակության լուրջ խնդիր կա և գյուղացին ճիշտ էր, որ բողոքում էր ցածր ծլունակությունից:
- Արարատի մարզից դիմել են 139 հողօգտագործող, նրանց խնդիրներով զբաղվում ենք: ԱԺ-ում լսել ենք նրանց և բերած օրինակը բավարար է այդքան վատ արդյունքը ճիշտ հասկանալու համար: Օրինակ, հողակտորներից մեկին ցանվել է ՙՅուբիլեյնի՚ սորտը և 1 հեկտարից ստացվել է 16 ցենտներ բերք, այն պարագայում, երբ ոչ առաջին վերարտադրության ՙՍտիվենս՚ տեսակը ապահովել էր 55 ցենտներ բերք: Այսինքն՝ երկրորդը, որն ավելի հին էր, սպասվածից ավելի բարձր արդյունք է տվել, քան առաջինը, որն, իբր բարձր որակի ցուցանիշ ուներ: Այսինքն՝ հօդս են ցնդում գյուղատնտեսության նախարարի այն համոզումները, թե վատ արդյունքը պայմանավորված էր ագրոտեխնիկական կանոնների չպահպանմամբ, անջրդիությամբ կամ եղանակային անակնկալներով: Եվ համատարած դժգոհությունները խոսում են սերմերի անորակության մասին: Հանրապետության մարզերին հարցումներ ենք ուղարկել, կունենանք հողօգտագործողների պատասխանները և դրանց հիման վրա կանցկացնենք ուսումնասիրություններ՝ առանց դոգմա ընդունելու մարզպետների համապատասխան գրությունները: Հետո կորոշենք՝ նոր լսումներ կազմակերպե՞լ, թե՞ ուրիշ քայլեր ձեռնարկել:

- Կարելի՞ է ենթադրել, որ տուժած գյուղացիները զեղչերի կամ մեղմացումների ակնկալիք կունենան:
- Եթե պարզվեց, որ բոլոր մարզերում վիճակը վատթար է, նշանակում է լուրջ անելիք ունենք: Առանց այդ էլ, անորակ սերմերն առանց փորձարկման բերեցին բաժանեցին, հիմա էլ խնդրի առջև ենք կանգնել: Մեկին՝ երկու հարաբերությամբ ետդարձի բիզնեսը, որ պարտադրվել է բնակչությանը, ինձ համար անհասկանալի ու անընդունելի է: Խեղճ գյուղացին ոգևորված առել-ցանել է, վարկեր է վերցրել, հսկայական ծախսեր արել, բայց այսօր ոչ միայն ծախսերը չի հանել, այլ, ընդհանրապես, եկամուտ չստանալով՝ մեծ վնաս է կրել և այժմ չի կարողանում վերադարձնել պայմանագրով նախատեսված պարտքերը: Իմ հայտարարության նպատակը պարտքերի վերադարձը ժամանակավորապես կասեցնելն է: Ես խնդրել եմ չնեղել նրանց, որպեսզի վարկ ու պարտքի տակ կքած մարդիկ նորից չմտնեն կրկնակի վարկ ու պարտքի տակ՝ պետության անորակ սերմացուի հատուցումը տալու համար: Եթե ապացուցվի, որ սերմացուն անորակության ու չփորձարկման պատճառով ենք ողջ հանրապետությունով կանգնել փաստի առաջ, ուրեմն, իմ գնահատմամբ, պետությունը ոչ միայն պարտքերը չպիտի վերցնի, այլև ծախսերը փոխհատուցի:
- Իսկ ինչո՞վ է տեղական սերմացուն զիջում ներկրվող տարատեսակ սորտերին և, մի՞թե հնարավոր չէ տեղում ստանալ բարձր բերքատվությամբ հացահատիկ, որպեսզի ներմուծման կարիք չլինի:
- Տեղական սերմացուն ոչնչով չի զիջում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սերմնաբուծության ամենալավ կայանը Գյումրու Սելեկցիոնն է, որը, ցավոք, ողջ հանրապետության պահանջարկը բավարարելու հնարավորություն չունի: Այսինքն՝ քանակի խնդիր է, ոչ՝ որակի: Բայց ներմուծումը կասեցնել հնարավոր չէ, որովհետև դրա գինն ավելի ցածր է: Մենք ավելի շատ կողմնակից ենք, որ Հայաստանում վերագործարկվեն սելեկցիոն կայանները և այս տարիներին պետք է զբաղվել ոչ թե դրսից բերելու ու դրա հետ կապված խնդիրների լուծմամբ, այլ հացահատիկի և կարտոֆիլի տեղական սերմերի ստացմամբ: Որպեսզի շրջափակման և այլ նման վատ իրադրությունների դեպքում գոնե կարողանանք ժողովրդի հացը տեղում ապահովել:
- Պարոն Գրիգորյան, այս տարի ևս, կարծես նույն այդ ծրագիրը շարունակվելու է. բաժանման ընթացքում արդյոք գործելո՞ւ է կամավոր օգտվելու սկզբունքը, թե, այնուամենայնիվ, թաքուն պարտադրանք լինելու է, այսպես ասած՝ ծրագիրը չձախողելու համար:
- Պարտադիր պայման ու պահանջ չկա, իսկ ձեր շեշտադրած խնդիրը գյուղապետերի ու մարզպետարանների փոխկապակցված ներքին հարց է, քանի որ օրենքով մարդկանց ստիպելու, պարտադրելու խնդիր չկա և նրանք ազատ են գործողությունների մեջ և, յուրաքանչյուրն իր փորձից ելնելով, պետք է հասկանա՝ ինչն է իրեն ավելի ձեռնտու: Եթե մարդիկ կարող են սեփական կամ լուրջ փորձարկված սերմ ձեռք բերել ու ցանել, ես խորհուրդ կտայի, որ ամեն մեկն իր գլխի ճարը տեսներ և այս ծրագրով կառավարության հետ բիզնեսի մեջ չմտներ:

Զրուցեց՝ Յ.ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՙՇրջապատ՚

Հ.Գ. Նոյեմբերի 23-ին, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական (ԳԲՀ) հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ սերմերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման նպատակով: Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, գյուղական համայնքների ներկայացուցիչներ և ֆերմերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկայացված փաստարկները գյուղնախարարին անհիմն թվացին, դրանք նույնիսկ զայրացրեցին վերջինիս, և նա կառավարության ծրագրի ձախողումը ոչ թե կապեց սերմերի անորակության հետ, այլ պատճառաբանեց բնակլիմայական անբարենպաստ պայմաններով: Երբ ԳԲՀ մշտական հանձնաժողովի անդամ Արայիկ Աղաբաբյանը հնչեցրեց, թե սա ոչ թե ազատականացում է, այլ անտերություն, ավել շուտ՝ նախարարության կողմից կազմակերպված բիզնես, նախարարը հունից ելավ: Իսկ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի այն հարցադրմանը, թե փոխհատուցում տրվելո՞ւ է ֆերմերներին, գյուղնախարարը հայտարարեց. ՙՓոխհատուցում չի լինելու, որովհետև վնասը տարերային չի եղել՚:


Դիտումներ` 3082
Ամսաթիվ` 19-01-2014, 03:24
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

«ԱՅՍ ՊԱՀԻՆ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԿՈԱԼԻՑԻԱՅՈւՄ ՏԵՂ ՉՈւՆԻ»

ԵԹԵ ԳԱԳԻԿ ԾԱՌՈւԿՅԱՆԸ ՈՐՈՇԻ, ՈՐ ՊԵՏՔ Է ԳՆԱ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ, ՈւՐԵՄՆ ԿԻՍՈւՄ Է  ...

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈւՄ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ 2012

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում