«ԱՅՍ ՊԱՀԻՆ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԿՈԱԼԻՑԻԱՅՈւՄ ՏԵՂ ՉՈւՆԻ»


«ԱՅՍ ՊԱՀԻՆ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԿՈԱԼԻՑԻԱՅՈւՄ ՏԵՂ ՉՈւՆԻ»

«Առաջին լրատվական»

- Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սերժ Սարգսյանի «նամակագրությանը»: Ս. Սարգսյանը նրան երեկ պատասխանեց, թե կարող են քննարկել նրա առաջարկությունները:

- Նորմալ եմ վերաբերվում: Արդեն իրենք պետք է որոշեն: Եթե Ր. Հովհաննիսյանը պաշտոններ ստանալու ցանկություն է հայտնել, իսկ Ս. Սարգսյանն էլ հայտարարել է, որ նա հացադուլը թողնի և նստեն-խոսեն, ուրեմն իրենք պետք է որոշեն:

- Ձեր կարծիքով Ր. Հովհաննիսյանի կողմից թվարկած պաշտոններում իր առաջարկած մարդկանց նշանակելու մասին հայտարարությունը կոալիցիա մտնելու առաջարկությո՞ւն է, թեև ինքը հայտարարում է, որ այդպես չէ:

- Եթե պաշտոններ են ուզում, չգիտեմ, թե ինչպես կարելի է դա մեկնաբանել, եթե ոչ կոալիցիա: Եթե համատեղ կառավարում են ուզում, դա, մեծ հաշվով, նույն բանն է: Ամեն դեպքում նորմալ եմ վերաբերվում: Խնդիրները հաշտ ու համերաշխ կարգավորելը մեր ժողովրդի շահերից է բխում, լարումներն ու բախումները ոչ մեկին էլ ձեռնտու չեն: Եթե կարող են միմյանց հետ բանակցությունների արդյունքում ընդհանուր եզրահանգման գալ` շատ ավելի լավ:

- Այդ դեպքում ԲՀԿ-ում մտահոգություն չկա՞, որ «Ժառանգությունը» կզբաղեցնի իր տեղը:

- ԲՀԿ-ի կոալիցիա կազմելու մասին բազմիցս խոսվել է թե ընտրություններից առաջ, թե հետո: Այդ հարցերը քննարկվել ու շահարկվել են, և մինչև օրս իրականություն չեն դարձել: Իսկ ինչ մնում է ԲՀԿ-ի տեղը գրավելուն, նման բան չի կարող լինել: ԲՀԿ-ն իր ուրույն տեղն ունի, երկրորդ քաղաքական ուժն է, և «Ժառանգությունը» չի կարող ԲՀԿ-ի տեղը գրավել:

- Ես նկատի ունեմ ոչ թե քաղաքական դաշտում, այլ կոալիցիայում:

- Կոալիցիա կազմելու դեպքում ամեն մեկն իր տեղն ունի, բայց այս պարագայում ԲՀԿ-ն կոալիցիա կազմելու որևէ հայտարարություն կամ ցանկություն չի հայտնել: Այս պահին ԲՀԿ-ն կոալիցիայում տեղ չունի և այդպիսով չի կարող մտահոգություն ունենալ, թե «Ժառանգությունը» կարող է իր տեղը գրավել:

- Ի՞նչ է նշանակում, թե ԲՀԿ-ն կոալիցիայում տեղ չունի:

- ԱԺ ընտրություններից 10 ամիս է անցել, ԲՀԿ-ն եթե ցանկություն ունենար, իմ կարծիքով, կոալիցիա կազմած կլիներ: Եթե մինչ օրս չի կազմել, ուրեմն խնդիրներ կան, ցանկություն չկար:

- Իսկ միգուցե ԲՀԿ-ն ուզում է կոալիցիա մտնել, բայց այս անգամ էլ Սերժ Սարգսյանը չի ուզում: Չէ՞ որ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն չպաշտպանեց նրա թեկնածությունը:

- Եթե ցանկություն ունենար, իմ գնահատմամբ, կոալիցիա կկազմեր: Եթե կոալիցիա չի եղել, ուրեմն ԲՀԿ-ն ցանկություն չի հայտնել:

- Նույնիսկ Ս. Սարգսյանին չպաշտպանելու պարագայում ԲՀԿ-ն եթե ցանկանար, կարո՞ղ էր կոալիցիա մտնել:

- Իհարկե, եթե ցանկություն ունենար, կարող էին միասին ծրագրեր կազմել և աշխատել թե խորհրդարանում, թե կառավարությունում:

- Բայց Ս. Սարգսյանը ԲՀԿ-ին կոալիցիա հրավիրե՞լ է, որ կուսակցությունն էլ չի ցանկացել:

- Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում: Հարցրեք ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին:

- Իսկ չե՞ք կարծում, որ ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն լինելովª ԲՀԿ-ն կարող է հայտնվել քաղաքական լուսանցքում:

- Այս ընթացքում շատերն են այդ մասին խոսում և արհեստական կամ պատվերով նման կանխագուշակումներ անում, բայց, մեծ հաշվով, մենք ակտիվ աշխատում ենք: Պարոն Ծառուկյանի հանձնարարությամբ մոտ մեկ շաբաթ է, շրջում ենք մարզերով, ԲՀԿ-ի պատգամավորներով ժողովրդի հետ հանդիպումներ ենք ունենում: Եվ այդ հանդիպումներին միջանցքում մնալու մասին բացարձակ նշույլ չկա: Ես եղել եմ Տավուշի, Արարատի մարզերում, այս պահին Կոտայքի մարզում ենք հանդիպումներ ունենում, ակտիվ աշխատանքներ ենք տանում: Եսª որպես ԱԺ գյուղատնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ, մի քանի օր առաջ հանձնաժողովի անդամների հետ միասին Արարատի մարզ էի այցելել կարտոֆիլի և այլ բույսերի մշակմանը վնասող ցեցի հետ կապված խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծում գտնելու համար:

- Մարզային այցելություններն անում եք Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությա՞ն արդյունքում, թե «մեզ փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն, գնացեք սահմանամերձ գյուղեր»: Ինչ-որ նախընտրական ակտիվություն է ձեր մոտ նկատվում, թեև համապետական ընտրություններ չկան:

- Դա հանձնարարված է նաև ԲՀԿ երիտասարդական թևին: Թե պատգամավորները, թե կուսակցության տարածքային կառույցներն ու երիտասարդները ակտիվ աշխատում են, ժողովրդի հետ են: Գարնանացանը սկսվել է, և որտեղ ինչ խնդիր կա, փորձում ենք լուծումներ գտնել: ԲՀԿ-ն ընտրությունից ընտրություն ակտիվացող կուսակցություն չէ, միշտ է ակտիվ աշխատել: Իհարկե, դա բոլորի համար է զարմանալի, տպավորությունն այնպես է, որ ընտրությունների ենք պատրաստվում, բայց ԲՀԿ-ի մոտ սկզբունք կա, որ ընտրությունների հաջորդ օրվանից նախապատրաստվում է մյուս ընտրություններին: Ժողովուրդը մեզ ընտրել ու վստահություն է տվել, ու մենք ամեն րոպե պետք է լինենք նրա կողքին և նրա վստահությունը բարձր պահենք:

- Թեև վերջին տարիներին իշխանությունները փորձում էին Գյումրիում բնակարանաշինության խնդիրները լուծել, Սերժ Սարգսյանն այնտեղ պարտվեց: Գյումրիում նման դժգոհության առկայությունը, Ձեր կարծիքով, ինչի՞ արդյունք է:

- Դժգոհություններ բոլոր տեղերում էլ կան: Այս օրերին բոլոր մարզերով շրջում ենք, հանդիպում ենք բազմաթիվ դժգոհությունների, տարբեր տեսակի խնդիրներ կան: Կոնկրետ Գյումրիում անօթևանության հետ կապված բավականին ծրագրեր են իրականացվել, բավականին լուրջ բնակարանաշինություն է արվել: Բայց, իմ կարծիքով, պարտության պատճառներից մեկը դրանք ներկայացնելը կամ ընտրությունները ոչ ճիշտ կազմակերպելն ու մատուցելն է:


Դիտումներ` 2792
Ամսաթիվ` 19-01-2014, 03:53
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԲՀԿ-ն ՀԱՆՁՆՈւՄ Է ԳՅՈւՄՐԻՆ. ԲՀԿ-ական ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎՍ ԿՆՏՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍ ...

ԵԹԵ ԳԱԳԻԿ ԾԱՌՈւԿՅԱՆԸ ՈՐՈՇԻ, ՈՐ ՊԵՏՔ Է ԳՆԱ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ, ՈւՐԵՄՆ ԿԻՍՈւՄ Է  ...

«ԵՍ ՀՀԿ ԴԱԲՐՈՅՈՎ ՉԵՄ ԸՆՏՐՎՈՒՄ»

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է՝ ՆԵՂԱՑԱԾ ՉԷ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԻՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՌԵԼ ԱՇՈՏ ԳԻԶԻՐՅԱՆԻՆ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում