Մարտուն Գրիգորյանը կսպասի՝ մինչև վարչապետն իր խոստումը կատարի


Մարտուն Գրիգորյանը կսպասի՝ մինչև վարչապետն իր խոստումը կատարի

1.am:Արդյոք Հովիկ Աբրահամյանն իսկապե՞ս ցանկանում է կամ կարո՞ղ է գործարար միջավայրում հավասար խաղի կանոններ ստեղծել, ինչպես երեկ ինքն է ասել կառավարությունում Հայաստանի մի շարք գործարարների հետ հանդիպման ժամանակ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը չցանկացավ այդ հարցին կոնկրետ պատասխանել՝ ասելով, թե Հ. Աբրահամյանը նոր է նշանակվել վարչապետ և առայժմ պետք է սպասել ու տեսնել նրա աշխատանքը:

«Հանդիպմանը չեմ հետևել, տեղյակ չեմ, թե ինչ է խոսվել: Նորից եմ ասում՝ քանի որ Հ. Աբրահամյանը նոր վարչապետ է, նմանատիպ հանդիպումներով ցույց է տրվում, որ ցանկություն կա դեպի լավը գնալու, լավը անելու: Այս պահի դրությամբ ճիշտ չի ասել՝ լավ էր, թե վատ, քանի որ պետք է ժամանակ տրվի: Նոր վարչապետ է, և բնականաբար՝ պետք է բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպի: Իսկ ամեն հանդիպումից հետո փորձենք դրա տակ բան փնտրել, դիրքորոշում հայտնել, կարծում եմ՝ ճիշտ չէ»,- ասաց պատգամավորը:

Այնուամենայնիվ, նորանշանակ վարչապետի խոսքն ու գործունեությունը կարո՞ղ են գործարարներին, քաղաքական ու վերջապես հանրային դաշտին հույս ներշնչել, որ նա գործարար ու ներդրումային դաշտում հավասար խաղի կանոններ, ազատ մրցակցության պայմաններ կստեղծի, ինչպես երեկ ինքն է խոստացել: «Ճիշտն ասած, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, ամեն դեպքում՝ եթե նոր վարչապետը ցանկություն է հայտնել, մտել է այդ դաշտ և ուզում է քայլեր անել, մենք ընդամենը ուրախ կլինենք, եթե կարողանա հասնել դրան: Այս պահի դրությամբ կոնկրետ բան չկա, ինչպե՞ս կարող ենք ասել՝ հույս ներշնչո՞ւմ է, թե՞ ոչ: Ամեն դեպքում հույսը վերջում է մահանում»,- պատասխանեց Մ. Գրիգորյանը:

Իսկ եթե նկատի ունենանք, որ Հ. Աբրահամյանը նաև մեր երկրի ամենախոշոր գործարարներից է, մեր երկրի մյուս խոշոր գործարարն էլ ԲՀԿ ղեկավար և նրա խնամի Գագիկ Ծառուկյանն է: Նաև հիշենք, որ Հ. Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը նույնպես գործարար է, գործարար են նաև նրան վարչապետ նշանակած Հանրապետական կուսակցության մի շարք պաշտոնյաներ՝ Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Արսենյանը, Աշոտ Աղաբաբյանը և շատերը, ապա հնարավո՞ր է հավատալ, որ նորանշանակ վարչապետն ինքը իր, իր խնամու, բարեկամների և կուսակիցների բիզնեսը կբերի հարկային դաշտ: «Այդ հարցի պատասխանն ավելի շուտ ինքը կտա, քանի որ ինքն է այդ մասին խոսել: Բայց ի՞նչ կա չհավատալու, եթե վարչապետը ցանկություն է հայտնել աշխատելու, եթե վարչապետը պատրաստակամ է աշխատել»,- պատասխանեց Մ. Գրիգորյանը:

Մեր հարցին՝ բայց չէ՞ որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ էր ցանկանում վերը նշված բոլոր օլիգարխներին բերել հարկային դաշտ, բայց դա նրան չհաջողվեց: «Տեսանք, որ նախկին վարչապետը չարեց, այս վարչապետին էլ անելու հնարավորություն է տրվել, սպասենք տեսնենք՝ կանի՞, թե՞ ոչ»,- եզրափակեց Մ. Գրիգորյանը:


Դիտումներ` 3141
Ամսաթիվ` 16-05-2014, 10:42
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

«ԱՅՍ ՊԱՀԻՆ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԿՈԱԼԻՑԻԱՅՈւՄ ՏԵՂ ՉՈւՆԻ»

ԲՀԿ-ն ՀՀԿ-ից ԲԱՑԱՐՁԱԿ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ՉԷ

ԴԱ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԵՐԵՎԱԿԱՅՈւԹՅԱՆ ԱՐԴՅՈւՆՔՆ Է. ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՎԱՆ» ՕՐԱԹԵՐԹԻՆ

ԳՅՈՒՄՐՈՒ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀՆԵՐՆ ԻՄ ԹԻԿՈՒՆՔԻՆ ԵՆ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում