Գյումրիում բողոքի ակցիան թեժանում է. aravot.am (Տեսանյութ)


aravot.am: Այսօր վաղ առավոտից Գյումրու կենտրոնական շուկայում շարունակվեց առևտրականների բողոքի ակցիան: Վերջիններս դարձյալ փակել էին փողոցը` պահանջելով վերանայել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը: Շիրակի մարզից ընտրված բոլոր պատգամավորներից նրանց այցելեց միայն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Առևտրականներն այսօր պահանջում էին հանդիպում Շիրակի մարզի հարկայինի պետի հետ: «Հարկայինի պետ, չես գա հա ՞, ամեն օր փողոցը կփակենք, դե կտեսնես…», – բացականչում էին նրանք:

Պատգամավորը հեռախոսազանգերի միջոցով փորձում էր կապ հաստատել թե ԱԺ խմբակցությունների հետ, թե հարկայինի պետի և թե մարզպետի հետ: «Ես հենց նոր զանգեցի` ասելով, որ ապահովեն հարկայինի պետի հանդիպումը ձեզ հետ: Փոխանցել եմ, որ դուք հարկային չեք գնալու, չեմ գնալու նաև ես: Որևէ պետական կառույց տրամադրեն`կլինի մարզպետարան կամ քաղաքապետարան, գնանք, հանդիպենք հարկայինի պետի հետ, որպեսզի դուք ձեր հարցերը բարձրացնենք: Ես ոչ էլ ուզում ձեզ հրավիրեմ իմ գրասենյակ, որովհետև իմ գրասենյակը կուսակցական է, իսկ այս հարցը կուսակցական հարց չէ: Հաշվի եմ առնում հարցին քաղաքական աստառ կամ ենթատեքստ չտալը», -ասաց պատգամավորը:Եվ մինչ Մարտուն Գրիգորյանը սպասում էր զանգի, հավաքվածները հետաքրքրվեցին. « Գրիգորյան ջան, էդ ինչո՞ւ ես մենակ դու եկել»: Պատգամավորը ծիծաղելով պատասխանեց. «Որովհետև դուք ինձ եք ընտրել»: Ժողովուրդը հակադարձեց. «Բա Սուքիասն ո՞ւր է, բա՞ Հովհաննես Մարգարյանը, որը ամեն անգամ ելույթներ է ունենում, Արման Սահակյանն էլ ստեղի պատգամավոր է չէ՞, մեր մարզից ընտրված…»: Մարտուն Գրիգորյանը հորդորում էր սպասել մինչև ժամը 18.30, ըստ պատգամավորի, քառյակը արտահերթ նիստ է գումարելու, բացի այդ այսօր կա հարց ու պատասխան կառավարության հետ: Նա առաջարկում էր սպասել մինչ իր նախանշած ժամը, տեսնել ինչ կլինի, նոր միայն անելիքը որոշել:

Զրույցի ընթացքում հեռախոսազանգ եկավ Մարտուն Գրիգորյանին: Նրան փոխանցեցին, որ հարկայինի պետը ֆինանսների նախարարությունում է:Պարզվեց զանգահարողը Ֆելիքս Ցոլակյանն էր, որին հարկայինից հավաստիացրել էին, թե ոչ մի վաճառողի համար այս օրերին ոչ մի խնդիր չեն առաջացնի: Եվ մինչ ԲՀԿ-ական պատգամավորը փոխանցում էր, թե հարկայինի պետը նախարարի ընդունարանում կամ կաբինետում է, առևտրականները ծաղրում էին. «Հլը եկեք գնանք հարկային, տեսնենք հարկայինում չէ՞»: Մյուսն էլ նետեց. «Հմի քարտուղարուհուն առած, գնացած կլինի»: Առեւտրականներից մեկն էլ սկսեց այլ հումոր անել. «Առաջ մկներն էին վախենում կատվից, հիմա կատուներն են վախենում մկներից»: Վերջիններս հայտարարեցին, որ այսօր մինչև ժամը 18.30-ը պատասխան չստանալու դեպքում կփակեն Գյումրի-Երևան մայրուղին:Այստեղ միջամտեց Գյումրու ոստիկանության «Կումայրի»-ի բաժնի պետը` ասելով, որ դուք օրենքի դեմ պայքարում եք, ինքներդ օրենք խախտելով: «Լսի հարազատ, քո հացը էսօր վաստակում ես էստեղ գալով, մենք էլ շուկայում կանգնելով, եթե քո հացի փողը կտրեն, էդպես կխոսե՞ս»: Առևտրականները նախազգուշացրեցին, որ եթե այս հարցը մինչև ժամը 18.30 լուծում չստանա, իրենք կդիմեն բողոքի առավել կոպիտ մեթոդների, կփակեն ճանապարհները և դա կկրի շարունակական բնույթ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 






Դիտել "Գյումրիում բողոքի ակցիան թեժանում է. aravot.am" տեսանյութը (1):



Դիտումներ` 2868
Ամսաթիվ` 1-10-2014, 21:45
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Բողոքող գյումրեցի առեւտրականներին հանդիպել է ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյ ...

Մարտուն Գրիգորյանը կսպասի՝ մինչև վարչապետն իր խոստումը կատարի

ՈւՄ ԷՐ ՎԵՐԱԲԵՐՎՈւՄ ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ « ԴՈւ ՊԱՏԳԱՄԱՎՈ՞Ր ԵՍ, ԹԵ՞ ԳՈՂԱԿԱՆ, ԱՐԱ՛» ...

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԽՈՒԶԱՐԿԵԼ ԲՀԿ-ական ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՏՈՒՆԸ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում