Մարտուն Գրիգորյանը հույս ունի, որ հայկական կողմը կբացահայտի, թե Պերմյակովն ինչու է սպանել Ավետիսյանների ընտանիքին


Մարտուն Գրիգորյանը հույս ունի, որ հայկական կողմը կբացահայտի, թե Պերմյակովն ինչու է սպանել Ավետիսյանների ընտանիքին

1in.am: «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, գյումրեցիներին ու Ձեզ բավարարո՞ւմ է Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ Վալերի Պերմյակովի կատարած ոճրագործության գործը հայկական կողմին փոխանցելու հանգամանքը:

– Այս պահին բավարարում է, քանի որ դա մեր հիմնական պահանջներից մեկն էր: Իմ կարծիքով՝ սա քայլ առաջ է: Երբ ես Մոսկվայում էի, «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ինքս էլ այդ հարցը բարձրացրեցի: Եվ հիմա կարելի է համարել, որ մեր պահանջներից մեկը կատարված է, ու տեսնենք, թե ընթացքն ինչպես կլինի:

– Ձեր կարծիքով՝ ամիսներ շարունակ մերժելուց հետո, Ռուսաստանն ինչո՞ւ հանկարծ որոշեց գործը փոխանցել հայկական կողմին: Չէ՞ որ անընդհատ վկայակոչում էր, թե Պերմյակովին հայկական կողմին փոխանցելը հակասում է ՌԴ Սահմանադրությանը:

– Դժվարանում եմ ասել, բայց հասկանում եմ նաև հարցի ենթատեքստը, որ փորձ է արվում կապել էլեկտրաէներգիայի թանկացմանն ուղղված դժգոհությունների հետ:

– Ձեր կարծիքով՝ կապվա՞ծ է:

– Չեմ կարող ասել՝ կապ ունի, թե ոչ, բայց որ համընկավ այդ օրերի հետ և հնարավորություն տվեց նման եզրակացություն անելու՝ փաստ է:

– ՌԴ-ում մտահոգվում էին, թե էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող շարժումը Հայաստանում երկրորդ «Մայդան» ու հակառուսական տրամադրություններ է ձևավորում: Ինչո՞ւ եք բացառում, որ Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնվեց, որպեսզի կասեցվի օրըստօրե աճող դժգոհությունը: Չէ՞ որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՌԴ սեփականությունն է:

– Եթե անգամ այդ պատճառով է եղել, ամեն դեպքում ողջունելի է, որովհետև դա մի քայլ առաջ է, դա ձեռքբերում է:

– Իսկ գործի քննությունը հայկական իրավապահ մարմինների կողմից շարունակելը ի՞նչ է տալու: Չէ՞ որ այդ սպանությունից մոտ վեց ամիս է անցել:

– Հավանաբար ավելի շատ տեղեկություններ կունենանք և մի փոքր ավելի հանգիստ կլինենք: Թեև նախկինում էլ քննությունը համատեղ էր ընթանում: Իսկ այսօր հայկական կողմը շարունակելով քննությունը՝ հավանաբար կպարզի այն հարցերը, որոնք բոլորիս համար մնացել էին օդում կախված: Օրինակ՝ կոնկրետ պատճառները, թե ինչով էր պայմանավորված սպանությունը: Եվ հայկական կողմն ավելի շատ է շահագրգիռ փաստերն ավելի խորությամբ ուսումնասիրելու և մեզ ու Ավետիսյանների հարազատներին տեղեկություն տալու, թե ինչով էր պայմանավորված այդ ոճրագործությունը:

– Ոճրագործությունից արդեն վեց ամիս է անցել, և այդքան ժամանակ ռուսական կողմն է քննել այդ գործը: Չե՞ք կարծում, որ այս ընթացքում նրանք հասցրել են գործի շարժառիթների կամ հանգամանքների շատ կարևոր մաս թաքցնել, և դա այլևս մեզ հասու չի լինի: Ու հիմա նրանց համար միևնույն է՝ կհանձնեն հայկական կողմին, թե ոչ:

– Ենթադրենք՝ կարծում եմ, դրանից ինչ է փոխվում:

– Հետաքրքիր է Ձեր կարծիքը:

– Ինչ էլ ասեմ, դա ավելի շատ ենթադրություն է լինելու: Մեր պահանջն այն էր, որ գործը հանձնեն հայկական կողմին: Գործը հանձնվել է հայկական կողմին, հիմա էլ այլ մեկնաբանություններ ենք անում:

– Կարևոր էր, որ գործի քննությունն ի սկզբանե լիներ հայկական կողմի ազդեցության ներքո:

– Ցանկալի էր, գյումրեցիներն էլ դրա համար ոտքի ելան, մենք էլ մեր պահանջները ներկայացրեցինք, բայց հանձնեցին հիմա:

– Չե՞ք կարծում, որ Պերմյակովի կատարած ոճրագործությունը, էլեկտրաէներգիայի թանկացումները որոշակի հակառուսական տրամադրություններ են առաջացրել մեր երկրում:

– Պերմյակովի գործը սկզբնական շրջանում Գյումրիում բնականաբար մի փոքր նմանատիպ երևույթ ստեղծեց, բայց դրանից հետո իրավիճակը հանգստացավ: Եվ հիմա Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո ռուսների նկատմամբ եղած լարվածությունը, բացահայտ ագրեսիան չկա: Իսկ այս դեպքերը դեռ թարմ են, ու բնականաբար ինչ-որ տեղ մտավախություն կա, որ հանկարծ Գյումրիում ավելորդ լարվածություն չառաջանա:


Դիտումներ` 2138
Ամսաթիվ` 8-07-2015, 12:16
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

«Հենց սկզբից օրենքը մեկնաբանվեց որպես ժողովրդին դեմ, բայց դա այդքան էլ այդպ ...

Մարտուն Գրիգորյանը Գյումրու դեպքերի և իր անելիքների մասին

«Բոլորին կոչ եմ անում հարգել մեր սուգը».  Մարտուն Գրիգորյան

Պատգամավորները՝ ոստիկանապետի եւ Արթուր Ալեքսանյանի վեճի մասին

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՎԱՆ» ՕՐԱԹԵՐԹԻՆ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում