«Կոնկրետ համագործակցում եմ հանրապետության նախագահի հետ». նախկին ԲՀԿ- ական


«Կոնկրետ համագործակցում եմ հանրապետության նախագահի հետ». նախկին ԲՀԿ- ական

armtimes.am Փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ն լքած պատգամավորների քաղաքական ապագան շարունակում է անորոշ մնալ: Նրանք այժմ անկուսակցական են, սակայն նոր Սահմանադրության ընդունումից հետո, եթե ցանկանում են հետագայում առաջադրվել որպես պատգամավոր, ապա պետք է ներառվեն որևէ կուսակցության համամասնական ցուցակում: ԲՀԿ վերադառնալ թերևս էլ չի ստացվի:

Քանի որ որոշ նախկին ԲՀԿ-ականներ չեն բացառել, որ հնարավոր է անդամակցեն ՀՀԿ-ին, թերևս նախկին ԲՀԿ-ականները դեմ չեն լինի նաև ներառվել ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ մասում, սակայն ՀՀԿ-ականները դա առանձնապես չեն ողջունում: Արդեն անդրադարձել ենք, որ ՀՀԿ պատգամավորների շրջանում անհանգստություն կա իրենց քաղաքական ապագայի, ավելի ճիշտ՝ ԱԺ-ում հայտնվելու հեռանկարի առթիվ, ու այս անգամ ՀՀԿ պատգամավորական ցուցակ մտնելու համար «հուժկու» պայքար է գնալու:

Առաջարկվող սահմանադրական փաթեթով՝ պատգամավորները նախնական թիվը 101 է, ներկա 131-ի փոխարեն: Ասել է թե՝ նոր Սահմանդրության ընդունումից հետո ոմանց համար նվազելու է պատգամավոր դառնալու հեռանկարը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, թե «ՀՀԿ-ի ցուցակ կազմողները լավ գիտակցում են, թե ով ինչի համար է ցանկանում մտնել ՀՀԿ: Կարող է դառնան ՀՀԿ-ական, սակայն չի նշանակում, որ կմտնեն ցուցակ»:

Նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն այսօր ԱԺ-ում մեր դիտարկմանը, թե իր և ՀՀԿ-ականների միջև շահերի բախում կլինի, քանի որ ՀՀԿ-ականներն այնքան էլ ուրախ չեն, որ որոշ նախկին ԲՀԿ-ականներ ուզում են մտնել ՀՀԿ, ասաց. «Ես դեռ ոչինչ չեմ որոշել, բացարձակապես նման բան չեմ ասել, ուստի էդ ամեն ինչը ինձ հետ կապ չունի: Ես ինձ համար ասել եմ, որ եթե որոշեմ պատգամավոր լինել, բնականաբար պետք է ինչ- որ մի կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվեմ: Դեռ ժամանակ կա, որ կողմնորոշվեմ՝ ինչ եմ անելու: Ես՝ որպես գյումրեցի, որպես հոգսաշատ ու լուրջ խնդիրներ ունեցող քաղաքի պատգամավոր, բնականաբար, եթե շարունակելու եմ իմ քաղաքական կարիերան, պիտի փորձեմ շարունակել էն թիմի հետ, որն ունի հնարավորություններ, միջոցներ՝ ծառայեցնելու Գյումրի քաղաքին»:

Մեր հարցին, թե հնարավոր է այդ թիմը լինի ՀՀԿ-ն ու ինքը հանուն Գյումրիի շահի համագործակցի ՀՀԿ-ի հետ, ասաց. «Էս պահին կոնկրետ համագործակցում եմ հանրապետության նախագահի հետ: Երկու տարի հետո կերևա»: Նախկին ԲՀԿ-ականն ասում է, թե իր ու Սերժ Սարգսյանի համագործակցության արդյունքում Գյումրիում երկրոդային փողոցներ են կառուցում:

Մեր դիտարկմանը, թե փաստորեն ինքն էլ Գագիկ Ծառուկյանի պես ուղիղ Սերժ Սարգսյանի հետ է համագործակցում, Մարտուն Գրիգորյանը ժպիտով պատասխանեց:

Մարինե Խառատյան


Դիտումներ` 2223
Ամսաթիվ` 18-09-2015, 11:25
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

«Էս պահի դրությամբ, կոնկրետ «դեմ»-ի խնդիր ես չեմ տեսնում». Մարտուն Գրիգորյա ...

Մարտուն Գրիգորյանը կսպասի՝ մինչև վարչապետն իր խոստումը կատարի

ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԽՈՐՀՈւՐԴԸ՝ ՎԱՐԴԱՆ ՂՈւԿԱՍՅԱՆԻՆ

ԲՀԿ-ն ՀԱՆՁՆՈւՄ Է ԳՅՈւՄՐԻՆ. ԲՀԿ-ական ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎՍ ԿՆՏՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍ ...

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՇՐՋԱՊԱՏ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում