Не до этого. Գյումրեցիները սահմանադրական փոփոխություններից ավելի կարևոր հոգսեր ունեն


Не до этого. Գյումրեցիները սահմանադրական փոփոխություններից ավելի կարևոր հոգսեր ունեն

1in.am: «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
– Պարոն Գրիգորյան, Գյումրիում, ըստ երևույթին, Դուք էլ եք ընդգրկված լինելու «այո»-ի քարոզարշավին: Ի՞նչ քայլեր եք նախապատրաստել, միայնա՞կ եք Ձեր քարոզարշավն իրականացնելու, թե՞ միգուցե համագործակցում եք «այո»-ի այլ կողմնակիցների, օրինակ՝ ձեր նախկին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:
– Դեռ կոնկրետ պլաններ չկան: Ճիշտն ասած, ԲՀԿ-ի հետ համագործակցելու խնդիր չկա: Ըստ երևույթին, շուտով պարզ կդառնա, թե ինչպես ենք աշխատելու:
– Միգուցե քաղաքապետ Սամվել Բալասանյանի՞ հետ համագործակցեք: Չէ՞ որ նա նույնպես Ձեր նման դուրս է եկել ԲՀԿ-ից ու իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների կողմնակիցն է:
– Ես չեմ կարծում, որ քարոզարշավի կազմակերպչական աշխատանքն արդեն մարզեր է հասել: Երբ սկսվի մարզերի կազմակերպչական աշխատանքը, այդ ժամանակ նոր պարզ կլինի, թե ինչ ենք անելու՝ առանձի՞ն ենք աշխատելու, թե՞ համագործակցելու ենք: Ես ընտրություններ կազմակերպելու մեծ փորձ ունեմ, քանի ընտրություններ են անցել, և մենք կարողացել ենք ճիշտ կազմակերպել: Պարզապես, քանի որ այս անգամ ուղղակիորեն քո ընտրությունը չէ, և կա շտաբային աշխատանք, պետք է տեսնել, թե շտաբն ինչ է առաջարկում:
– Իսկ մինչ այդ փորձե՞լ եք շփվել քաղաքացիների հետ, գիտե՞ք, թե գյումրեցիներն ինչպես են տրամադրված այդ փոփոխությունների նկատմամբ: Հատկապես, որ Գյումրին համարվում է առավել սոցիալական խնդիրներ ունեցող և առավել ընդդիմադիր քաղաք:
– Պատահական չէ, որ Գյումրին համարվում է ընդդիմադիր քաղաք: Ունի մեծ խնդիրներ և պահանջում է իր խնդիրների լուծումը: Նրանք տեսնում են, թե ովքեր են իրենց կողքին կանգնում, և ժամանակը կգա, գյումրեցիներն էլ կկանգնեն նրանց կողքին: Ես սա իմ օրինակով եմ ասում՝ թե որպես անձ, թե կուսակցության առումով: Ուզում եմ ասել, որ ընդդիմադիր լինելը գյումրեցիների համար ինքնանպատակ չէ:
– 2013թ. նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանը Գյումրիում պարտվեց գյումրեցիների չլուծված խնդիրների պատճառով, ինչո՞ւ պետք է հիմա գյումրեցիներն ընդունեն նրա ներկայացրած փոփոխությունները:
– Չեմ կարող ասել, թե նախագահական ընտրություններին ինչով էր պայմանավորված այդ գնահատականը, և թե սահմանադրական փոփոխություններին ինչ գնահատական կարող են տալ: Կարծում եմ՝ գյումրեցիների ընտրությունը պայմանավորված է լինելու թե «այո»-ի, թե «ոչ»-ի քարոզարշավը ճիշտ կազմակերպելով ու ճիշտ մատուցելով: Շփվել եմ, դրական էլ եմ լսել, բացասական էլ եմ լսել: Բայց շատ դեպքերում բացասականի մեկնաբանությունները չեմ ստացել, այսինքն՝ սահմանադրական փոփոխություններին նրանք մեխանիկորեն են դեմ:
– Սահմանադրությունն այն փաստաթուղթը չէ, որ հասարակության լայն զանգվածներին հասկանալի լինի: Ու նրանք մեխանիկորեն են դեմ, քանի որ դա իշխանությունների կողմից կազմակերպվող գործընթաց է:
– Բայց Հայաստանում գրեթե բոլոր նախագահական ընտրություններից հետո ցնցումներ են եղել, կամ երկրորդ թեկնածուն, որն իրենց ընտրյալն է եղել, հիմնականում քաղաքական ասպարեզում չի երևում: Կամ նրանց կուսակցությունները հազիվ 5 տոկոսի շեմն են անցել: Բայց եթե նրանք կարողանան այնպես աշխատել, որ ԱԺ-ում էլ երկրորդ տեղը գրավեն, ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ է, կկարողանան գյումրեցիների խնդիրները լուծել:
– Այնուամենայնիվ, սահմանադրական փոփոխությունների նկատմամբ Գյումրիում ինչպիսի՞ տրամադրվածություն կա:
– Որքան ինձ հայտնի է, այս պահին այնքան էլ ակտիվ չեն, բայց կարծում եմ՝ քարոզարշավի ժամանակ որոշակի ակտիվություն կլինի: Գյումրին այնքան հոգսաշատ քաղաք է, որ սահմանադրական փոփոխությունները ժողովրդի համար, ինչպես ասում են, не до этого: Ամենակարևորը, որ արդար, անցնցում հանրաքվե լինի:
– Իսկ ինչպե՞ս եք գյումրեցիներին համոզելու, որ սահմանադրական փոփոխություններին «այո» քվեարկեն:
– Մարդիկ իմ՝ որպես պատգամավորի արածը տեսել են: Ովքեր ընդունում և հարգում են իմ խոսքը, ովքեր տեղյակ են Գյումրիում նախաձեռնած իմ ծրագրերից, և եթե ցանկություն ունեն այդ ամենը կատարված տեսնել, բնականաբար նրանք պետք է սատարեն ինձ այն տարածքներում, որտեղ ես պատասխանատվություն ունեմ:
– Ս. Բալասանյանը հայտարարել է, որ ինքն աշխատավարձ չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ Գյումրիում մի ընտանիք ապրում է տնակում: Դուք այդ ուղղությամբ ի՞նչ եք անում, պատրա՞ստ եք Ձեր աշխատավարձը զիջել այդ նպատակով:
– Ես գտնում եմ, որ Գյումրու համար բավականին բնակարանաշինական ծրագրեր են իրականացվել: Թե 2008, թե 2013թթ., երբ ես հայտարարել եմ, որ որպես անձ քվեարկելու եմ Ս. Սարգսյանի օգտին, դա պայմանավորված է եղել նույն բնակարանաշինությամբ: Ինչպես ես եմ մտածում, թե ինչ անենք, որ Գյումրիի երկրորդական փողոցները կառուցապատենք, քաղաքապետն էլ մտածում է, թե ինչպես անի, որ տնակային հարցերը կարգավորի: Բայց մեծ գործն այսօր արվել է նախագահի ու կառավարության նախընտրական ծրագրով:
– Նախագահական ընտրություններին Դուք, ԲՀԿ անդամ լինելով, ոչ թե պաշտպանեցիք Ձեր կուսակցության դիրքորոշումը՝ չպաշտպանել որևէ թեկնածուի, այլ սատարեցիք Ս. Սարգսյանին:
– Ես քվեարկել եմ նախագահի օգտին, և նա իմ ընտրատարածքի չորս տեղամասերում հաղթել է: Իսկ նախագահը Գյումրիի 80 տեղամասերից 5 տեղամասերում է հաղթել:
– Այսինքն Դուք՝ որպես ԲՀԿ անդամ, ավելի լավ եք աշխատել Ս. Սարգսյանի օգտին, քան թե նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը:
– Գնահատականը թողնում եմ ձեզ: Ես երբ դուրս եկա ԲՀԿ-ից, հայտարարեցի, որ պատրաստ եմ աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ, ովքեր պատրաստ են Գյումրիի համար ինչ-որ բան անել: Ես դիմել եմ նախագահին կոնկրետ քարապատման պիլոտային ծրագիրն իրականացնելու համար, նա արձագանքել է: Այս պահին կառավարության հրատապ ծրագրերից 40 մլն դրամ է հատկացվել Գյումրիի Լևոն Մադոյան փողոցը քարապատելու համար: Նախագահը նաև խոստացել է, որ կկառուցապատվի ևս մի փողոց իր հատող փողոցներով՝ մոտ 100 մլն դրամ տրամադրելով: Եթե ես քաղաքին վերաբերող հարցերով դիմում եմ նախագահին ու աջակցություն ստանում, շնորհակալ եմ: Եվ բնական է, որ մենք էլ մեր աջակցությունը պետք է նրան ցուցաբերենք: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իմ յուրաքանչյուր առաջարկությանն ընդառաջել և Գյումրիում ներդրումներ է արել, փոխարենը խորհրդարանական ընտրություններին 34-րդ ընտրատարածքում հաղթել է: 2007թ. իմ ընտրատարածքում ԲՀԿ-ն 3000 ձայն էր հավաքել, 2012-ին արդեն 16.000 ձայն: Սա աշխատանքի արդյունքն էր:


Դիտումներ` 1930
Ամսաթիվ` 29-10-2015, 08:38
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

«Էս պահի դրությամբ, կոնկրետ «դեմ»-ի խնդիր ես չեմ տեսնում». Մարտուն Գրիգորյա ...

«ԱՅՍ ՊԱՀԻՆ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԿՈԱԼԻՑԻԱՅՈւՄ ՏԵՂ ՉՈւՆԻ»

ԲՀԿ-ն ՀԱՆՁՆՈւՄ Է ԳՅՈւՄՐԻՆ. ԲՀԿ-ական ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎՍ ԿՆՏՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍ ...

ՄԱՐՏՈւՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՉԻ ՍԱՏԱՐԻ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

ԳՅՈՒՄՐՈՒ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՐՀՆԵՐՆ ԻՄ ԹԻԿՈՒՆՔԻՆ ԵՆ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում