Գալիք տարվա բյուջեի քննարկումը ԱԺ ԳԲ հանձնաժողովում


Գալիք տարվա բյուջեի քննարկումը ԱԺ ԳԲ հանձնաժողովում

ԱԺ-ում այս օրերին ընթանում են 2017թ պետական բյուջեի նախագծի քննարկումը, Մարտուն Գրիգորյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է գալիք տարվա բյուջեի նախագծով գյուղատնտեսության, բնապահպանության եւ ջրային տնտեսության ոլորտների հատկացումները:

Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ` 2017 թվականի պետական բյուջեի նախագծով գյուղատնտեսության ոլորտին նախատեսվում է հատկացնել 8.5 մլրդ դրամ: Նշվել է, որ 2016 թ.-ի ծրագրային ցուցանիշի հետ համեմատած առկա է 2.4 մլրդ դրամի նվազում: Ըստ պարոն Ջանջուղազյանի՝ նախարարության կողմից կիրականացվի շուրջ 14 ծրագիր:

Անդրադառնալով բնապահպանության ոլորտին տրամադրվող միջոցներին` Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2017 թվականին նախատեսվում է այս ոլորտին հատկացնել 2 միլիարդ 941 միլիոն դրամ, որից 1.4 մլրդ դրամը կուղղվի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերին:

Խոսելով ջրային տնտեսությանը հատկացվելիք գումարների մասին` ՀՀ ֆինանսների փոխնախարարը նշել է, որ այս ոլորտին հատկացվել է 17 միլիարդ դրամ: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի` ոլորտում նախատեսվում է իրականացնել 14 ծրագիր:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ 2017 թ.-ին գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն ուղղվելու է բնագավառում տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մասնավորապես բարձրորակ սերմերով ապահովմանը, բույսերի պաշտպանությանը, անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, ինչպես նաեւ գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների՝ այն է՝ հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի եւ վարկերի մատչելիությանը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, անդրադառնալով ոլորտում իրականացվելիք ծրագրերին, նշել է, որ կոլեկտորադրենաժային ցանցի պահպանման, շահագործման, գրունտային ջրերի մակարդակների եւ որակի որոշման, ինպես նաեւ հակահեղեղային միջոցառումների ուսումնասիրության եւ իրականացման ծրագրով նախատեսվել է հատկացնել 320 մլն 48 հազար դրամ, որով նախատեսվում է իրականացնել 160 կմ երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցի մաքրման, ընթացիկ նորոգման աշխատանքներ եւ այդ աշխատանքների որակի նկատմամբ տեխնիկական վերահսկողություն: Խոսելով կապիտալ բնույթի ծախսերից՝ Արսեն Հարությունյանը նշել է, որ 2017 թ.-ի ընթացքում ջրային տնտեսության բնագավառում հիմնական կապիտալ աշխատանքները կիրականացվեն համապատասխան միջազգային կազմակերպություններից ներգրավվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին՝ կազմելով 9 մլրդ 821 մլն 762 հազար դրամ:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ 2017 թվականին ոլորտում նախատեսվում է իրականացնել 17 ծրագիր, որից 7-ը՝ բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությանն ուղղված ծրագրերն են: Դրանցից է «Թափոնների ուսումնասիրման ծառայություններ» ծրագիրը, որի նպատակն է վարչական վիճակագրական հաշվետվությունների ուսումնասիրությունն ու վերլուծությունը, առաջացած թափոնների հաշվառումն ու դասակարգումը եւ այլն: Խոսելով «Ջրային օբյեկտների եւ օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի իրականացում» ծրագրից՝ Արծվիկ Մինասյանը նշել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության 55 ջրային օբյեկտներում՝ ներառյալ խոշոր ջրամբարներում եւ գետերում, իրականացնել 40-60 աղտոտիչների 131 դիտարկում: Նախարարի տեղեկացմամբ՝ «Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 125 մլն 400 հազար դրամ. ծրագրով նախատեսվում է իրականացնել 93 հա մաքրման աշխատանքներ:
Աղբյուրը՝ http://www.parliament.am/


Դիտումներ` 1772
Ամսաթիվ` 2-11-2016, 17:29
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

Բնապահպանական և գյուղատնտեսական ի՞նչ ծրագրեր են իրականացվելու

ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ...

ԱԺ ԳԲ հանձնաժողովի հերթական նիստում. խնդրի քննարկումը հետաձգվեծ 1 տարով

ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ

ԱԺ-ում 2014թ.ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈւՋԵԻ ՔՆՆԱՐԿՈւՄՆԵՐ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում